Լրահոս
Օրվա լրահոսը

Որակական փոփոխություններ Բաղրամյան պողոտայում առաջին եւ երկրորդ շաբաթների ընթացքում (Տեսանյութ)

Հուլիս 01,2015 09:24

Բաղրամյան պողոտայում ցույցերի առաջին շաբաթվանից հետո, երբ «Ոչ թալանին» նախաձեռնությունը դադարեց նախաձեռնող լինել այստեղ՝ ակնհայտ տարբերություններ կան:

Նախ՝ փոխվել է ցուցարարների միջին տարիքը. առաջին շաբաթվա ընթացքում մեծամասնությունը երիտասարդներն էին՝ այժմ շատ են միջին տարիքի եւ ուղղակի տարեց մարդիկ:

Փոխվել են անգամ երաժշտական նախասիրությունները: Եթե առաջին շաբաթվա ընթացքում անընդհատ երգում էին «Գինի լից», «Գետաշեն» եւ Հայաստանի հիմնը, «Ոչ թալանին» նախաձեռնության մի մասի հեռանալու հաջորդ օրը դհոլով նվագում եւ երգում էին. «Դե պտտվիր կյանքիս կարուսել», «Ինչպես ուռին ու բարդին՝ ամեն մարդ իրա դարդին»:

Տարբերությունը նաեւ լրատվամիջոցների հետ շփվելու հարցում էր՝ առավել ագրեսիվ էին դարձել:

Սակայն երեկ ընդհանրապես դադարեցին երգել. իրավիճակը փոխվեց, երբ Բաղրամյան պողոտայում հայտնվեցին քաղաքացիական ակտիվիստներ, որոնք առաջին շաբաթվա ընթացքում այստեղ չէին նկատվել: Դավիթ Սանասարյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Բաբկեն Տեր-Գրիգորյանը եւ այլք՝ այս ակտիվիստները հիմնականում մասնակցում են փոքրիշատե քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր ցույցերին, առավել փորձառու են, եւ ըստ այդմ՝ կազմակերպական ավելի ճիշտ ձեւի մեջ դրեցին ուրիշի նախաձեռնած շարժումը:

Անցած գիշեր Բաղրամյան պողոտա էր այցելել Հրանտ Բագրատյանը, որն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ինչո՞ւ պետք է Հայաստանում 2,5 անգամ ավելի թանկ լինի, քան Ռուսաստանում, 4 անգամ ավելի թանկ, քան Ուկրաինայում, ավելի թանկ, քան Վրաստանում։ Դա տոտալ գողության արդյունք է։ Դիմացեք, երկու օրից Երեւանում կլինեմ»:  Իսկ երեկ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ի՞նչ կարող է անել պետությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ ստեղծված իրավիճակում, Բագրատյանը, մասնավորապես, ասաց․ «Ես կարող եմ ասել՝ պետությունը ինչ կարող է չանել: Օրինակ՝ դադարեցնի սակագին հաստատելը: ՀԷՑ-ին էլ ասում ես՝ դե որ այդպես է՝ ինքդ հաստատիր, ինքդ աշխատիր: Տեսնենք ի՞նչ գնով կվաճառես, կվաճառե՞ս արդյոք, թե՞ ոչ»:

Երեկ Բաղրամյան պողոտա էր այցելել նաեւ Դավիթ Շահնազարյանը, որն ասաց. «Ես համարում եմ, որ դեռ շարունակում է առկա լինել բռնության վտանգը, քանի որ Ռուսաստանը շարունակում է փորձեր անել, ինչը երևում է նրանց մամուլից, որն իրենց քաղաքականության արտացոլումն է, որ այստեղ տեղի ունենա ուժային սցենար, ուժի կիրառում, որը Հայաստանը կշպրտի դեպի անդունդ: Ու դա շատ լավ հասկանում են մեր իշխանությունները»: Նաեւ նշեց. «Այս երիտասարդությունը հասավ նրան, որ իշխանությունն ուզի թե չուզի, պետք է հաշվի նստի իր հետ»:

Մանրամասն՝ տեսանյութում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031