Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. «Սարգսյան Սերժը խուճուճ է խաղում, Քոչարյանի նման տապորային տարբերակ չէ»

Հուլիս 01,2015 00:11

Այսօր երեկոյան Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների շարքում էր նաև «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ոստիկանության գործողություններին, հատկապես հունիսի 23-ի լուսադեմին կատարվածին` պարոն Մակեյանն ասաց. «Խորհրդային որակներով հագուստները փոխած այս ոստիկանությունը ընդունակ է ցանկացած պահի ուժ կիրառել: Հիմա թվում է՝ հրեշտակներ են, բայց հրահանգը ստացան, անելու են ամեն ինչ: Իրենք ընդունակ են ևս մեկ մարտի 1-ի, հիշում ենք նաև 2013-ի նախագահական ընտրություններից հետո»:

Մեր այն դիտարկմանը, բայց այժմ սահմանադրական բարեփոխումների նախաշեմին Սերժ Սարգսյանն արդյո՞ք կգնա նման քայլի, պարոն Մակեյանը պատասխանեց. «Դուք շատ լավատես եք: Իրենք իրենց ծրագրերին հասնելու համար անելու են ամեն ինչ: Հունիսի 23-ն արեցին ոչ միայն, որ պետք է մաքրեին, այլ նրա համար, որ ժողովրդին վախեցնեն: Բայց ժողովուրդն արդեն այդ վախն ապրել է: Դրանից հետո մտածում են ինչ անել, որ հնարավորինս անաղմուկ այդ խնդիրը լուծեն»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ հեղինակավոր ընկերության կողմից աուդիտի անցկացման մասին լուծման առաջարկին, պարոն Մակեյանը նկատեց, թե այս հեղինակավոր կազմակերպություններին գիտենք. «Գելափի սոցհարցումներին ծանոթ ենք, որ գրում են այն թվերը, որը պետք է նկարվեր: 2008-ին հեղինակավոր ԵԽԽՎ-ի հանձնախումբը գնվեց ու գնաց: Այս պարագայում էլ նրանք ապացուցելու են, որ սա ճիշտ է»:

Պետրոս Մակեյանը ցուցարարների շրջանում վերջին օրերին պասիվություն է տեսնում ու մեկնաբանում. «Մի մասը բավարարվել է լուծման այդ տարբերակով, մյուս մասը այն գիշերվա թոհուբոհից է վախեցել»: Մեր հարցին՝ շարժումը պե՞տք է պահել Բաղրամյան պողոտայում, թե՞ արդեն գնում է դեպի լճացում, Պետրոս Մակեյանը արձագանքեց. «Պահելու գործընթացը տեսնում ենք, որ պահեց իշխանությունը: Քսան տարի այս գործընթացի մեջ եմ. Բաղրամյան պողոտան իշխանությունների սրբությունն է, այս պրոցեսին մոտենալը նրանց մահն է: Այս շարժումով ինչ-որ խնդիրներ են լուծում՝ աշխարհաքաղաքական և այլ:

Սարգսյան Սերժը խուճուճ է խաղում, Քոչարյանի նման տապորային տարբերակ չէ: Ես հասկանում եմ, որ եթե հանդուրժում են միաժամանակ փորձում են երկրորդ խնդիրը լուծել՝ դուրս մղել քաղաքական ընդդիմության դաշտը»: Պարոն Մակեյանը նկատեց, թե այս քսան տարվա մեջ մեկ օր էլ քաղաքական ուժերը չեն մնացել Բաղրամյան պողոտայում, ուստի այժմ երևում է, որ խնդիր է դրված ոչնչացնել նաև քաղաքական ընդդիմություն ոչնչացնել: Ըստ պարոն Մակեյանի՝ սա բումերանգի էֆեկտով ջարդվելու է իրենց գլխին. «Այսինքն՝ ինչ որ պահի քաղաքական դեռևս առողջ քիչ մնացած ուժերը համախմբելու են ու հասկանալու, որ երկրի ապագայի հենասյունը պիտի քաղաքականը լինի»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կգնահատի վերջին օրերին ոստիկանապետ Վովա Գասպարյանը պահվածքը, նրա՝ պատգամավորների հետ վարվելակերպը և այլն: Պարեն Մակեյանը պատասխանեց. «Ես զարմանում եմ, եթե պատգամավորը թույլ է տալիս իր վրա մատ թափ տալ ու գոռալ, դա իր խնդիրն է: Դա Վովա Գասպարյանի կրթությունն ու իշխանության որակն է, բայց թող պատգամավորը բարի լիներ կանխեր: Ուրեմն մեր խորհրդարանը Վովա Գասպարյանի՝ մատ թափ տալուն է արժանի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031