Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կողմ» լինելը ժամանակավոր է եւ հարաբերական

Հուլիս 01,2015 16:30

Դա գործառույթ է, ոչ թե ճակատագիր

Ինչո՞ւ եք հավասարության նշան դնում կողմերի միջեւ։ Այդ հարցը ինձ հաճախ են տալիս։ «Կողմեր» ասելով՝ նկատի ունեն, ասենք, ցուցարարներին եւ ոստիկաններին, կամ իշխանությանն ու ընդդիմությանը։ Պատասխանն ակնհայտ է՝ որովհետեւ «կողմ» լինելը ժամանակավոր գործառույթ է։ Իսկ մշտականը կարգավիճակը՝ պետության մեջ՝ քաղաքացի, իսկ Երկիր մոլորակում մարդ լինելն է։

Երբ ադրբեջանցիները սահմանին հերթական սադրանքն են կազմակերպում, մեր կողմից զոհվում է մի հոգի, իսկ իրենց կողմից՝ 10, դա ինձ, անկեղծ ասած, ոչ ուրախություն է պատճառում, ոչ սփոփանք։ Որովհետեւ զոհված ադրբեջանցի զինվորն ինձ համար նույնպիսի մարդ է, ինչպիսին է նաեւ մեր զինվորը։ Գործառույթներն են տարբեր՝ նրանք հարձակվում են, մենք՝ պաշտպանվում, եւ ստիպված ենք նրանց ոչնչացնել։ Այդ գործառույթը ադրբեջանցիները ստանձնել են, որովհետեւ նրանց ղեկավարությունն այն մոլորության մեջ է, թե նրանք կարող են մեր հողը նվաճել։ Այլ գործառույթներում հայն ու ադրբեջանցին նորմալ հարեւաններ են եւ նույնիսկ հիմա, ասենք, Ռուսաստանում՝ վստահելի բիզնես գործընկերներ: Այս պահին մենք հակամարտության «կողմերն» ենք, բայց ընդհանուր առմամբ մեր «կողմը» մեկն է՝ մարդկությունը:

Նույնը՝ ներքաղաքական «կողմերը»: Երբ առաջին կամ երկրորդ նախագահի օրոք ոստիկանները եւ երկրապահները մարդ էին ծեծում, կամ պաշտոնյաները պետությունն էին թալանում, նրանք մի՞ կողմում էին, իսկ հիմա, երբ նրանց կողմնակիցները նույն բաները դատապարտում են, հակառա՞կ կողմից են: (Իհարկե, կարող են պնդել, որ իրենք գործում էին իրավաչափ, իսկ այժմ իրավաչափ չեն, բայց դրան ոչ ոք լուրջ չի վերաբերվում): Չի՞ ստացվում արդյոք, որ «կողմը» խիստ ժամանակավոր եւ հարաբերական կատեգորիա է: Կամ՝ քանի՞ անգամ է «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտնվում այս կամ այն «կողմում»: Ամեն անգամ գնահատե՞լ նրան՝ կախված նրանից, թե որ կողմում է: (Դարձյալ կարող եք ասել, որ ՕԵԿ-ն անկեղծ չէ: Իսկ քաղաքական ուժերից ո՞ր մեկն է անկեղծ): Եթե քաղաքական ուժերն իրենք իրենց հավասար չեն, ապա մենք, կարծում եմ, իրավունք ունենք նրանց միջեւ հավասարության նշան դնել:

Ինչպես չկան հավերժ թշնամիներ, այնպես էլ չկան հավերժ «կողմեր», հավերժ զոհեր ու հավերժ դահիճներ, չկան հրեշներ եւ հրեշտակներ, եւ բոլոր պարագաներում պետք է բոլորի, նույնիսկ ամենասարսափելի հանցագործների մեջ փորձել արթնացնել հոգու լավագույն, դրական ձգտումները: Ես բոլոր մարդկանց մեջ հավասարության նշան եմ դնում: Հիշո՞ւմ եք, «Վարպետը եւ Մարգարիտը» վեպի մեջ Պիղատոսը զայրանում է Յեշուայի վրա, թե ինչու է վերջինս բոլորին անվանում «բարի մարդ»: Հռոմի տեղապահը օրինակ է բերում հարյուրապետ Մարկոսին՝ «Առնետասպան» մականունով, որը, բոլորի կարծիքով, կատարյալ գազան է: Յեշուա Գա-Նորցին դրան պատասխանում է՝ իհարկե, Մարկոսը բարի է, պարզապես բարի մարդիկ նրան այնքան են ջարդել, որ նա խեղվել է:
Դա ինֆանտիլիզմ չէ, դա, ինձ թվում է, միակ ճիշտ մոտեցումն է, որը կարող է որդեգրել քրիստոնեական մշակույթի կրողը: Ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում լինել ոստիկանների կամ «ժողովրդի» կողմից՝ բոլորը Հայաստանի քաղաքացիներ են: Թե չէ՝ կստացվի, որ երբ, ենթադրենք, երիտասարդի զինծառայության ժամկետը լրանում է, նա դառնում է «ժողովրդի» ներկայացուցիչ, իսկ եթե, ենթադրենք, որեւէ երիտասարդ որոշում է ծառայել ոստիկանությունում, նա դադարում է իր ժողովրդի զավակը լինելուց: Այո, երկու «կողմերն» էլ այս կամ այն չափով ապօրինություններ են գործում: Բայց դա նրանից չէ, որ նրանց մեջ անհաղթահարելի անդունդ կա: Պատճառն այն է, որ նրանք (այսինքն՝ մենք) չեն կարողացել ստեղծել այնպիսի պետական համակարգ, որտեղ այդ ապօրինությունները կպատժվեն, նաեւ՝ հասարակական մակարդակով անհանդուրժելի կլինեն: Ահա թե ինչու եմ ես բոլորի մեջ հավասարության նշան դնում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ջիվան Նադարյան says:

    Հարց.
    Պարոն Աբրահամյան չեք կարծում, որ մարդ ոչ թե ինչ որ մեկին կամ ինչ որ խմբի պետք է կողմ կամ դեմ պետք է լինի, այլ լինի կողմ ճշմարտությանը(չնայած, որ ճշմարտությունը ոչ միշտ է մեզ հայտնի): Հակառակ դեպքում կստացվի խիստ սուբյեկտիվ և միակողմանի մոտեցում: Օրինակ`
    անհրաժեշտ է հավասարապես խոսել և իշխանության և ընդդիմության լավ և վատ կողմերի մասին կամ բարձրաձայնել և ոստիկանության և ցուցարարների օրինական և անօրինական քայլերի մասին (ինչը իմ համոզմամբ Ձեզ մոտ բավականին լավ ստացվում է) և ոչ թե խոսել այն ինչ ձեռնտու է կամ ինչ մեծամասնությանն է հաճո (ինչը ցավոք անում է մեծամասնությունը):
    Ձեր կողմից բոլորի մեջ հավասարության նշան դնելը չի նշանակում կողմնակից լինել ճշմարտությանը (իհարկե այնպիսին ինչպիսին Դուք եք ընկալում ճշմարտությունը):

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031