Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները թերագնահատում են ժողովրդական ընդվզման ուժը

Հուլիս 01,2015 16:00

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը տեղին չի համարում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ծավալված շարժման եւ արցախյան շարժման միջեւ զուգահեռները:

– Մեկ շաբաթ առաջ Երեւանում մեկնարկած, ապա հանրապետության այլ քաղաքներում էլ արձագանք գտած էլեկտրաէներգիայի դեմ թանկացման շարժումը շատերը համեմատում են անցյալ դարավերջում տեղի ունեցած արցախյան շարժման հետ: Դուք առաջինի մասնակիցներից էիք, ներկայիս զարգացումներին նույնպես մասնակցել-հետեւել եք: Տեղի՞ն են զուգահեռները:

– Չեմ կարծում, թե տեղին է նման զուգահեռներ անցկացնելը: 1988-ի շարժումն, իհարկե, հզոր մի բան էր, որ պետք է դառնար մեր խորհրդային արատավոր անցյալի եւ ապագայի միջեւ յուրօրինակ մի սահման: Տարբեր պատճառներով, որոնց գուցե արժե անդրադառնալ, բայց ոչ այսօր, սահմանը չկայացավ, եւ մեր ապագան ու արատավոր անցյալը խառնվեցին իրար: Այդ խառնուրդում էլ հիմա մենք ապրում ենք: Այդ խառնուրդի արդյունքում է, որ մեր երկրում իշխանության են եկել շահամոլ, ապաքաղաքական ու քրեականացված տարրերը: Այս իմաստով 1988-ն իր դերը ամբողջովին չկատարեց: Նաեւ այն միակն ու անկրկնելին չէր: Խորհրդային Միության տարածքում, նույն այդ շրջանում, իրենց 1988-ն են ունեցել խորհրդային շատ ժողովուրդներ: Շատ ավելի ճիշտ կլինի, եթե այս շարժումը համեմատվի 2003-2004 թվականների կամ 2008, 2013 թվականների շարժումների հետ: Սրանք քաղաքական ու քաղաքացիական իրավունքների համար ծավալված պայքարի դրսեւորումներ էին: Այս ցուցակում 2008-ը յուրահատուկ է, եւ դրանից հետո եղած շարժումները, նաեւ՝ այս մեկը, կարելի է դրա հաղորդած իներցիայի արդյունք համարել:

– Նախագահի հայտարարությունը, որ կառավարությունը թանկացման բեռն իր վրա կվերցնի, «Ոչ թալանին» նախաձեռնության՝ պայքարն Ազատության հրապարակում շարունակելու որոշումը պառակտված իրավիճակի հանգեցրին: Այդ որոշումը ճի՞շտ եք համարում, թե՞ կարծում եք, որ Բաղրամյան պողոտայում դեռ պետք էր երգել ու պարել:

– Վճիռները պետք է կայացնեն կազմակերպիչները: Մենք այս պահին շարքային ցուցարարներ ենք: Ուղղակի նրանք, ովքեր իրենց հետեւից մարդկանց տանելու պատրաստակամությունն են ստանձնել, պետք է հասկանան, որ մեծ է պատասխանատվությունը: Պատասխանատվության ոլորտից է նաեւ փակուղային իրավիճակներում ելքեր գտնելը: Կողքից խորհուրդներ տալը հեշտ է: Ես չէի ցանկանա նման խորհրդատուի դեր ստանձնել, բայց մեր օրերի Հայաստանում ցանկացած շարժում մի քանի օրում ինքն իրեն կսպառի ու կվերանա, եթե արհեստականորեն փորձի իրեն տարանջատել քաղաքականությունից: Այս արհեստական տարանջատումը կարող է միայն փակուղի տանել: Մեր երկրի խնդիրները քաղաքական զարգացումների արդյունք են եւ այդ հարթությունում են իրենց վերջնական լուծումները գտնելու: Այս պահին դեռ վաղ է պառակտումից խոսելը: Մարդիկ դեռ Բաղրամյանում են ու ոգեւորված են: Ոչ մեծ խումբ է նախորդ երեկո Բաղրամյանից Ազատության հրապարակ տեղափոխվել: Հիմնական բողոքող զանգվածը մնացել է Բաղրամյանում ու շարունակել է ավելանալ: Սպասենք զարգացումներին: Ամեն վայրկյան կարող են փոփոխություններ լինել:

– Այս ընթացքում շատ քննադատվեցին նաեւ ոստիկանության գործողությունները նստացույցի առաջին օրը, երբ ուժ կիրառվեց խաղաղ ցուցարարների նկատմամբ: Եթե փորձենք ամբողջության մեջ գնահատել ոստիկանության պահվածքը, իսկապե՞ս մեր ոստիկանությունը բարեկրթվել է, ինչպես երկու տարի շարունակ պնդում է ոստիկանապետը, ինչպես վերջին օրերին անընդհատ ասում են իշխանական գործիչները՝ համեմատելով նախորդ տարիներին տեղի ունեցածի հետ:

– Ցավոք, մեր ոստիկանը հեռու է ոստիկանի այն կերպարից, որ կցանկանայինք ունենալ: Ժամանակին՝ 1990-ականներին, այն վերափոխելու լուրջ մտադրություններ կային, բայց փոփոխություն նախաձեռնողները անհաջողության մատնվեցին: Սա ցավալի փաստ է: Իսկ հետագայում պարզվեց, որ երկրի իշխանությանը հենց այսպիսի ոստիկանություն է պետք: Նրանց պետք չէ օրենքներն իմացող, ժողովրդավարական արժեքներ դավանող, քաղաքացու իրավունքների եւ իր պարտականությունների սահմանը գիտակցող, անօրինական հրամաններ կատարելուց հրաժարվող ոստիկան: Սարքվեց մի այնպիսի համակարգ, որտեղ աշխատում է հրաման եւ անկախ օրենքից ու օրինականությունից՝ հրամանի անհապաղ ու ճշգրիտ կատարման մեխանիզմը: Նույնը վերաբերում է նաեւ ազգային անվտանգության ծառայությանը, դատախազությանը: Անգամ դատարաններն ու դատավորներն են հրամաններով ու հանձնարարականներով առաջնորդվում: Համատարած վարչահրամայական համակարգի այս ֆոնին միայն ոստիկանությունն առանձնացնելն ու թիրախավորելն այնքան էլ ճիշտ չի լինի: Այսպիսին է մեր երկրի կառավարման մոդելը, իսկ ոստիկանությունն այդ մոդելի մաս է:

– Եթե ընդդիմադիր պատգամավորների, հայտնի մարդկանց ներկայությունը «կենդանի պատի» մեջ ընկալելի էր, ապա իշխանական պատգամավորների ներկայությունը կամ նրանց՝ ցուցարարների մեջ հայտնվելն ինչո՞վ կբացատրեք:

– Այս «կենդանի պատը» հետաքրքիր նորույթ է: Ի՞նչ է նշանակում կանգնել ոստիկանության ու ժողովրդի միջեւ: Այդ ո՞վ կարող է այսօրվա Հայաստանում ասել, թե ինքը հանրության մեջ այնպիսի մի հեղինակություն ունի, որ իր ներկայությամբ կբացառի բռնությունը, որ ոստիկանական մահակն իր ներկայությունից օդում կախ կմնա եւ չի իջնի հենց իր կամ իրենից քիչ այն կողմ գտնվող ցուցարարի գլխին: Նման պատ կարող էր դառնալ 2008 թվականի մարտի 1-ին Եկեղեցին, եթե եկեղեցականները հենց Կաթողիկոսի գլխավորությամբ գային ու կանգնեին ցուցարարների եւ խաղաղ ցուցարարների վրա կրակել պատրաստվող իշխանական ուժերի միջեւ: Այդ քայլով կարող էր կանխվել մարդասպանությունը: Կարող էր եւ արյուն չհեղվել: Բայց բացառությամբ իրենց կոչումը գիտակցող ու իրենց կոչմանը հավատարիմ մի քանի անհատ եկեղեցականների՝ Եկեղեցին այդ օրը ոչինչ չարեց, ու այդ պահից Հայաստանում այլեւս չկա ուժ, կազմակերպություն կամ անհատ, որ կկարողանա կամ իրավունք կունենա հայտարարելու, թե ինքն այն չեզոք ու բոլոր կողմերից ընդունվող մեկն է, ով կարող է պատ դառնալ ու իրենով բացառել բռնությունը: Բոլորս գիտենք, թե այդ պատգամավորներից ով ինչ համբավ ու հեղինակություն ունի հասարակության մեջ: Միայն իշխանական թեւի պատգամավորների մասին չեմ խոսում: Նաեւ երգիչ-երգչուհիներն ու մյուսները: Կարելի է լինել ժողովրդի մեջ, կարելի է լինել ժողովրդի հետ, եթե այդքան պատրաստակամ ես՝ կարելի է լինել առաջին շարքում, բայց բաժանարար պատ լինելու համար չափազանց մեծ պետք է լինես, շատ մեծ հեղինակություն պետք է ունենաս: Իհարկե, ես չեմ բացառում, որ «պատի» մեջ եղած առանձին աղյուսներ միայն նկարվելու համար չէ, որ եկել են, չեմ բացառում, որ ոմանք բարի ու լավ նպատակներ ունեն, իրոք հավատում են, որ իրենց եւ միայն իրենց շնորհիվ է, որ ոստիկաններն ուժ չեն կիրառում, թող հավատան, դրանից վնաս չկա: Իսկ բռնությունն իրականում կբացառվի միայն այն ժամանակ, երբ իշխանական միջանցքներում եւ ուղեղներում բռնությունը՝ որպես խնդիրների լուծման միջոց, չի դիտարկվի ընդհանրապես, ինչը հնարավոր է միայն ժողովրդի քվեի արդյունքում ծնված ու այդ քվեից կախված իշխանության պարագայում: Հակառակ դեպքում տարատեսակ հաստության, բարձրության ու գույնի պատերից անկախ՝ բռնության կիրառման վտանգ մշտապես կա:

– Մեկ շաբաթվա բողոքի ալիքից ի՞նչ հետեւություն պիտի անեն իշխանությունը, ընդդիմադիր քաղաքական ուժերը:

– Իշխանությունը մեկ բան պետք է հասկանա՝ հարգել սեփական ժողովրդին եւ ընդունել քաղաքացու բողոքի իրավունքը: Իսկ ընդդիմադիր ուժերը ընդամենը պետք է անեն այն, ինչ արել են մինչեւ այսօր՝ պայքարել, որպեսզի մեր երկրում հարգվեն մարդու քաղաքական ու քաղաքացիական իրավունքները, կայանան արդար ու թափանցիկ ընտրություններ: Սրանով էլ զբաղված են ընդդիմադիր քաղաքական ուժերը: Հայաստանյան իշխանությունները թերագնահատում են ժողովրդական ընդվզման ուժը: Սա նրանց համար կարող է ճակատագրական լինել: Եթե ոչ՝ այս, ապա հաջորդ անգամ: 2008-ից հետո այս իշխանությունն իր դեմ բողոքող յուրաքանչյուր անհատի կամ զանգվածի որպես ոչնչացման ենթակա թշնամու է դիտարկում, իսկ իրեն անպարտելի ու անսասանելի է երեւակայում: Տրամաբանությունը հուշում է, որ այսպես անվերջ շարունակվել չի կարող:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031