Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյանի էներգետիկան փոխվել է

Հուլիս 01,2015 15:30

Բաղրամյան պողոտայում էներգետիկան փոխվել է. «դրայվ» կա, բայց նախկինի պես չի: Հունիսի 28-ի երեկոյան, երբ «Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարեց, որ բողոքի խաղաղ ակցիան տեղափոխում է Ազատության հրապարակ, ու հեռացավ Բաղրամյան պողոտայից, կարճ ժամանակ անց պողոտայում տրամադրությունը փոխվեց, սկզբում անորոշություն էր, հետո մեղադրանքներ «Ոչ թալանին»-ի հասցեին, հետո տեղ-տեղ ագրեսիվ խոսակցություններ, հայհոյանքներ: Որոշները մոռացել էին՝ ինչի համար են հավաքվել պողոտայում. էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը չեղարկելու պահանջը մղվել էր 2-րդ պլան: Խումբ-խումբ հավաքված մարդիկ երկրում ինչքան խնդիր ու անօրինականություն կա՝ հիշել էին ու զայրացած քննարկում էին: Կարծիքներ էին հնչում, որ այս ակցիան պիտի վերաճի պետբյուջեն թալանչիներից մաքրելու պայքարի: Այս խոսակցություններին միջամտում էին երիտասարդներ ու հորդորում չքաղաքականացնել:

Հունիսի 28-ի ուշ երեկոյից հետո հայրենասիրական ոգին մի տեսակ վերացել էր. չկային այն գեղեցիկ երիտասարդները, որոնք Հայաստանի Հանրապետության հիմն էին երգում, որոնք անգիր գիտեն ազգագրական երգերն ու պարերը, ու դրանք շատ կազմակերպված, հարմոնիկ կատարում էին: Չկային ինքնակամ պողոտա եկող այն գեղեցիկ աղջիկներն ու տղաները, որոնք կիթառ էին նվագում, հյուրասիրություններ էին կազմակերպում:
Հունիսի 28-ի կեսգիշերին նախկինի պես չհնչեց Հայաստանի հիմնը, փոխարենը կեսօրին որոշ երիտասարդներ ռաբիս երաժշտություն էին միացրել: Հունիսի 29-ի առավոտյան նախկինի պես այստեղ մարդիկ իրենց երեխաներին չէին բերել զբոսնելու. հավանաբար պատճառը վտանգն էր, որ ամեն րոպե սպասվում էր, թե ոստիկանությունը ցրելու է խաղաղ ակցիան: Պետք է նշենք, որ պողոտայում երիտասարդները նախկինի պես առավոտյան մաքրում էին իրենց տարածքն իրենց իսկ թափած աղբից:

 

Արդեն երեկոյան Բաղրամյան պողոտան կրկին բազմամարդ էր, ու պահանջը նույնն էր՝ չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը: Հավաքվածների ոգին պահելու համար ինչ-որ երիտասարդներ աղբամաններից կառուցված բարիկադների վրայից հայրենասիրական կոչեր էին անում, Նժդեհ ու Չարենց էին ցիտում, սփյուռքին էին հիշել, ասելով՝ «Չկա հայություն առանց սփյուռքի»:

Առաջին իսկ օրվանից բողոքի ակցիային մասնակցող երիտասարդ Լինա Մաթեւոսյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ինքը դադարեցնում է իր պայքարը. «Մթնոլորտը փոխվել է, մարդիկ փոխվել են, ես չեմ տեսնում այս քանի օրերին մշտապես ներկա պայծառ, ինտելիգենտ տղաներին, հիմա լիքը մարդիկ կան, անգամ չգիտեն, թե ինչի համար ենք պայքարում: Ցավոք, պայքարը 2 բանակի է բաժանվել, ես չեմ ուզում մասնակից լինել պառակտմանը, չեմ ուզում լսել, որ մարդկանց դավաճաններ են ասում, ես հրաժարվում եմ այս տեսակ պայքարից»:

Պայքարի առաջին իսկ օրվանից Բաղրամյանում ներկա ու այստեղ արդեն 1 շաբաթ է՝ գիշերող Գրետա Նիկողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը շարունակելու է պայքարել Բաղրամյան պողոտայում. «Ես մնացել եմ Բաղրամյանում ու մնալու եմ, որովհետեւ նախագահական անճար ու տխուր փչոցները հաղթանակ չեմ համարում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031