Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստանի տապալված երաժշտական փառատոնի գործով վերաքննիչն անփոփոխ թողեց դատավճիռը

Հուլիս 01,2015 15:00

Հունաստանում երաժշտական փառատոնին մեր երեխաները չմասնակցեցին Նաիրա Բադալյանի պատճառով:

Ամբաստանյալ Նաիրա Բադալյանը 2012թ.-ից սկսած՝ մասնավոր կիթառ էր դասավանդել շուրջ երեսուն աշակերտի։ Երեխաները եւ նրանց տուժող ճանաչված ծնողները իմանալով փառատոնի մասին՝ գումարներ են տալիս նրան, ինչը, սակայն, յուրացնում է:
Քրեական գործն ավարտվելուն պես՝ ուղարկվում է դատարան:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Նաիրա Բադալյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում եւ դատապարտել է տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի` 1.000.000 ՀՀ դրամ գումարի չափով։

Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել էր անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Նաիրա Բադալյանը նախկինում դատված չի եղել, վատառողջ է, իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Ամբաստանյալ Նաիրա Բադալյանի կողմից որպես տուժողներին պատճառված վնասի փոխհատուցում, ՀՀ Կենտրոնական գանձապետարանի թիվ 900013298014 հաշվեհամարին փոխանցված 821.000 ՀՀ դրամ գումարը բաշխվում է այսպես. տուժողներ Անուշ Սարգսյանին` 244.000 ՀՀ դրամ, Սոֆյա Մովսիսյանին` 121.000 ՀՀ դրամ, Գայանե Կանդանյանին` 121.000 ՀՀ դրամ, Հասմիկ Պողոսյանին եւ Սարգիս Հացպանյանին` 335. 000 ՀՀ դրամ։

Տուժողներ եւ քաղաքացիական հայցվորներ Անուշ Սարգսյանի, Սոֆյա Մովսիսյանի, Գայանե Կանդանյանի, Հասմիկ Պողոսյանի եւ Սարգիս Հացպանյանի քաղաքացիական հայցերը դատավճռով պիտի բավարարվեր մասնակիորեն:

Տուժողները վերաքննիչ բողոք էին բերել: Վերաքննիչ դատարանը հունիսի 25-ին անփոփոխ թողեց առաջին ատյանի դատավճիռը:

Ըստ գործի նյութերի, 2014թ. մայիսին Երեւանի քաղաքապետարանի «Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սերգեյ Մարգարյանից տեղեկանալով, որ Ֆիլհարմոնիայի վարչակազմը ուղեւորություն է կազմակերպում Հունաստան՝ այնտեղ 2014թ. հուլիսին կայանալիք երաժշտական փառատոնին մասնակցելու համար, նախապես մտադրվել է այդ առիթն օգտագործելով՝ իր մոտ կիթառի դասընթացների հաճախող անձանցից գումարներ հափշտակել։

Ամբաստանյալ Ն. Բադալյանը չարաշահել էր, փաստորեն, տուժողներ Սոֆյա Մովսիսյանի, Անուշ Սարգսյանի, Գայանե Կանդանյանի, Հասմիկ Պողոսյանի եւ նրա ամուսին Սարգիս Հացպանյանի վստահությունը, 2014թ. մայիսից հուլիս ամիսները Հունաստանում անցկացվելիք երաժշտական փառատոնին նրանց մասնակցությունն ապահովելու պատրվակով, խաբեությամբ, խոշոր չափի ընդհանուր գումար հափշտակելու դիտավորությամբ, նրանցից մաս-մաս ստացել էր խոշոր չափի` 2.195.800 ՀՀ դրամին համարժեք 5.390 ԱՄՆ դոլար:

Գործի նյութերի համաձայն, նա տուժող Անուշ Սարգսյանից ստացել եւ խարդախությամբ հափշտակել էր 651.648 ՀՀ դրամին համարժեք 1.600 ԱՄՆ դոլար ընդհանուր գումար, Սոֆյա Մովսիսյանից` 325.824 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար ընդհանուր գումար, Գայանե Կանդանյանից՝ 325. 824 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար ընդհանուր գումար, Հասմիկ Պողոսյանից եւ Սարգիս Հացպանյանից ստացել էր 892. 500 ՀՀ դրամին համարժեք՝ 2.190 ԱՄՆ դոլար ընդհանուր գումար։

Ստացված գումարներն ամբաստանյալ Նաիրա Բադալյանն ամբողջությամբ տնօրինել է իր հայեցողությամբ։

Ի դեպ, տուժող եւ քաղաքացիական հայցվոր Անուշ Սարգսյանի կողմից մարտի 12-ին քաղաքացիական հայց է ներկայացվել ամբաստանյալ Նաիրա Բադալյանի դեմ: Տուժողը պահանջել է ամբաստանյալից բռնագանձել 1.600 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որպես հանցագործության հետեւանքով պատճառված վնասի հատուցում։
Սոֆյա Մովսիսյանը պահանջել էր իր 800 ԱՄՆ դոլարին համարժեք 325.000 ՀՀ դրամ գումարը: Գ. Կանդանյանը նույնպես 800 ԱՄՆ դոլար գումար էր պահանջել՝ հայցով դիմելով դատարան:

Իսկ ամուսիններ Հասմիկ Պողոսյանը եւ Սարգիս Հացպանյանը 2.190 ԱՄՆ դոլար են պահանջել եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները։
Հինգ տուժողները թե առաջին ատյանում, թե վերաքննիչում ներկայացուցիչ չեն ունեցել:
Տուժող Սարգիս Հացպանյանն երեկ «Առավոտի» հետ զրույցում հարցին, թե ամբաստանյալը հատուցե՞լ է վնասը, ասաց. «Նա մեր գումարները չի տվել: Նույնիսկ մեզնից վերցրած նյութական արժեքի կեսը չի փոխհատուցել»:

Վերաքննիչ դատարանը մինչ խորհրդակցական սենյակ մտնելը ամբաստանյալին քսան օր ժամանակ էր տվել նրա խնդրանքով, որպեսզի փոխհատուցի տուժողներին հասցված վնասը:

Այս կապակցությամբ Սարգիս Հացպանյանն ասաց. «Վերաքննիչ դատարանը նրան ժամկետ տվեց՝ ասելով, եթե չանես, քեզ սպասում է կալանք: Ես ելույթ ունեցա եւ ասացի, որ չենք ցանկանում, որ որեւէ կնոջ նկատմամբ կալանք ընտրվի: Զարմացած էին դատավորները, որ այդքանից հետո տուժող կողմն ասաց, թե չի ցանկանում նրա կալանավորումը: Նրան տրվեց մեկ ամիս ժամանակ: Երբ վերջին դատական նիստը տեղի ունեցավ, դատավորը հարցրեց՝ ի՞նչ արեցիր: Ամբաստանյալն ասաց, թե հարյուր հազար դրամ գումար է մուծել: Դատավորը շատ խիստ տոնով հարցրեց՝ դրանով ո՞ւմ վնասը հատուցենք»:

Ս.Հացպանյանը եւ մյուս տուժողները, փաստորեն, երկու դատական ատյաններում հաղթել են, սակայն դեռ որեւէ փոխհատուցում չեն ստացել: Ըստ նրա, ամբաստանյալն ունի անշարժ գույք, սակայն տարօրինակ է, որ զանցանք անողի գույքի նկատմամբ արգելանքի որոշում է կայացվում, իսկ այս դեպքում՝ արգելանք չկա: «Հավանաբար, հասկանում է, որ Հայաստանում իրավական կատեգորիան սա է, դանդաղ է գործում: Ուզում եմ հարցնել այդ կնոջը՝ լավ, ինչո՞ւ ես այսպես վարվում»,- ասում է Ս.Հացպանյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031