Դատավոր Էդ. Ավետիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/0807/02/10 քաղաքացիական գործը, որի նախապատմությունը հետեւյալն է:
Դեռեւս 2008թ.-ին ամերիկահայ ամուսիններ Հովհաննես եւ Սոնա Սուլախյանները համաձայնության են եկել ՀՀ քաղաքացու հետ, որպեսզի վերջինս օրինականացնի Մաշտոցի պողոտայում իր կառուցած ինքնակամ կառույցն ու վաճառի իրենց: Դրա համար ԱՄՆ-ում 100.000 դոլար վարկ են վերցրել եւ նրան են վճարել 24.000.000 դրամ (80.000 ԱՄՆ դոլար), ինչպես նաեւ իրենց գումարով այդ տարածքում կատարվել է 29.000 ԱՄՆ դոլարի վերանորոգում:
ՀՀ քաղաքացին պայմանավորված ժամկետում եւ դրանից հետո տարածքը չի օրինականացրել ու չի հանձնել Սուլախյաններին, ինչի պատճառով վերջիններս 2009թ. օգոստոս ամսին պահանջել են վերադարձնել իրենց գումարը: Վաճառողը, սակայն, հրաժարվել է վերադարձնել այն, ու գործը մտել է դատարան:
Հինգ տարի տեւած դատական քաշքշուկից հետո դատարանը վճռում է գումարը ստացած, սակայն գույքը չհանձնած պարտապանից հօգուտ Սուլախյանների բռնագանձել 24.000.000 դրամը, իսկ 12.000 մլն դրամի վերանորոգման գումարի մասով գործը Վճռաբեկ դատարանն ուղարկում է նոր քննության, որը մակագրվում է դատավոր Էդ. Ավետիսյանին:
Կարդացեք նաև
Դատավոր Ավետիսյանը հունվար ամսին 24 մլն դրամի մասով Սուլախյաններին տալիս է կատարողական թերթ, որը ներկայացվում է հարկադիր կատարման: Հարկադիր կատարողն էլ հինգ ամիս ձգձգելուց հետո, պարտապանին պատկանող ու արգելանքի վերցված` Երեւան քաղաքի Մաշտոցի 37 շենքի 91 բնակարանը 14.05.2015թ. որոշմամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդի է հանում:
Ինչ է կատարվում դրանից հետո:
Պատասխանողը 12 մլն դրամ վերանորոգման ծախսերը բռնագանձելու գործով միջնորդություն է ներկայացնում դատարան, աճուրդի հանված բնակարանն արգելանքից հանելու, այսինքն՝ մի քանի տարի առաջ կիրառված հայցի ապահովումը վերացնելու մասին, պատճառաբանելով, որ ինքն այդ գույքն ավելի շուտ կվաճառի կամ կգրավադնի եւ Սուլախյաններին ունեցած 24.000.000 դրամի պարտքը կմարի: Դատավոր Էդիկ Ավետիսյանն էլ իր 15.06.2015թ. որոշմամբ արդեն իսկ աճուրդի հանված գույքի նկատմամբ արգելանքը վերացնում է, թույլ տալով պատասխանողին՝ անվանափոխել, այսինքն՝ ձեւական կամ իրական մեկ այլ անձի վաճառել այդ բնակարանը եւ վերջ: Որոշման հիմքում էլ դնում է պատասխանողի խոստումն այն մասին, որ բնակարանը վաճառելուց հետո հայցվորին ունեցած պարտքը կմարի:
Բայց սա էլ ամենը չէ, իր որոշման մեջ դատավորը գրում է. «Հայցվորի ներկայացուցիչը միջնորդության դեմ ըստ էության չառարկեց»:
Սա այն դեպքում, երբ դատարանին է ներկայացվել գրավոր առարկություն, որում նշված է հենց այն մեխանիզմը, որ արգելանքը վերացնելուց հետո պատասխանողը պարզապես կօտարի իր գույքն ու վճիռը չի կատարվի եւ խնդրվել է միջնորդությունը մերժել:
Դատական նիստին եւս առարկություն է ներկայացվել միջնորդության դեմ՝ նշելով նույն մեխանիզմը:
Դատարանն, ի դեպ, թեեւ արգելանքը վերացնելու մասին որոշումը պետք է եռօրյա ժամկետում ուղարկեր, այն հայցվոր կողմին 10 օր չի ուղարկել, մինչեւ որ դատարան ներկայացած ներկայացուցչին տվել է առձեռն:
Այսքանից հետո ադեկվա՞տ է, արդյոք, դատավոր Ավետիսյանը:
Մի շտապեք ասել` ոչ…
ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
փաստաբան
Հ. Գ. Գաղտնիք չէ, որ թեեւ դատական կոռուպցիան դանդաղ նվազում է, սակայն դեռ այն աստիճանի է, որ դատարանների հանդեպ վստահությունը ցածր է:
Գաղտնիք չէ նաեւ, որ մեր դատարանները երբեմն կարող են վեճերին այնպիսի լուծում տալ, որ ստացվի` մածունը սեւ է:
Եթե պարտապանը վաճառի դատավոր Ավետիսյանի թեթեւ ձեռքով արգելանքից հանված բնակարանը, նրա մոտ մեծ գումար կհայտնվի: Դե իսկ մնացածը տեխնիկայի հարց է:
«Առավոտ» օրաթերթ
30.06.2015