Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ «խոսում» են արխիվները

Հուլիս 01,2015 14:00

Մանրամասնում են Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ու Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի տնօրեն Կլեր Մուրադյանը:

«Առավոտը» Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանից հետաքրքրվեց՝ աշխատանքի ընթացքում ի՞նչ փաստաթղթերի ու նյութերի է հանդիպել, որոնք զարմացրել են իրեն:

«Արխիվային գործունեության բնագավառում միշտ էլ նյութերի ես հանդիպում, որոնք շատ զարմանալի են լինում: Օրինակ, ինձ անչափ զարմացրել է, որ 37 թվականին Բակունցը, Չարենցը եւ մյուսներն իրենց մեղավոր են ճանաչել, ի՞նչ են մտածել, որ նամակներ են գրել ու իրենց մեղքն ընդունել են, որ իրոք բանաստեղծություններ են գրել, որոնք իբր հակախորհրդային են, կամ, ասենք, Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակը» ազգայնական գաղափարներ է քարոզում»,- ասաց պարոն Վիրաբյանը:

Քանի որ հայ-ֆրանսիական համագործակցություն կա արխիվային ոլորտում, ավելին՝ ստեղծվել է «Հայաստանը եւ հայերը Առաջին համաշխարհային պատերազմում» վիրտուալ թանգարանը» (https://armeniens-14-18.fr/), որտեղ բացի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցասրահներում զետեղված նյութերից, բազմաթիվ այլ բացառիկ փաստաթղթեր են հրապարակվել, մեր զրուցակցին խնդրեցինք ներկայացնել 1919-20թթ. Փարիզի խաղաղության վեհաժողովի ժամանակ՝ Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի հնչեցրած պահանջները: «Ադրբեջանի պահանջներով ստացվում էր, որ միայն Արարատյան դաշտն է Հայաստան, մնացած ամեն ինչն ադրբեջանական է՝ Կարսը, Սուրմալուն, Նախիջեւանը, Զանգեզուրը, Ղարաբաղը, Սեւանի արեւելյան ափը, Լոռին: Վրաստանի պահանջով էլ ամբողջ Լոռին վրացական տարածք պետք է լիներ, Ալավերդին, Ստեփանավանը, Կալինինոն՝ նույնպես: Հայաստանն էլ Թուրքիայով վերցնում էր, մինչեւ Կիլիկա էր հասնում՝ ծովից ծով: Մի խոսքով, բոլորն անբնական պահանջներ էին ներկայացրել ու կորցրին ի վերջո»,- հայտնեց Հայաստանի ազգային արխիվի տնօրենը:

Armeni
«Առավոտը» զրուցեց նաեւ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի տնօրեն Կլեր Մուրադյանի հետ: Տիկին Մուրադյանից հետաքրքրվեցինք՝ թուրքական արխիվներից փաստաթղթեր ձեռք բերելու մտադրություն չունե՞ն: Նա պատասխանեց, որ «Հայաստանը եւ հայերը Առաջին համաշխարհային պատերազմում» վիտուալ թանգարանը Ֆրանսիայի ԱԳՆ պետական պահոցների ու արխիվների եւ ՀՀ պետական արխիվի համագործակցության արդյունք է, ծրագիրը ներառում է ֆրանսիական դիվանագիտական եւ հայաստանյան արխիվների ուսումնասիրություն: Տվյալ պարագայում երկու երկրների արխիվները տրամադրում են իրենց փաստաթղթերը: Ինչ վերաբերում է Թուրքիային, ֆրանսահայ պատմաբանի խոսքով. «Թուրքիայի հետ չենք շփվել, այդ տրամաբանությամբ կարելի է նաեւ գերմանական, անգլիական ու ընդհանրապես ամբողջ աշխարհի փաստաթղթերը հրապարակայնացնել, բայց հիմա հայ-ֆրանսիական համագործակցության նպատակն այլ է: Թուրքական արխիվների որոշ փաստաթղթեր հրապարակված են, որոշները՝ խեղաթյուրված»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ վիրտուալ թանգարանում զետեղված այն նյութերին, որոնք վերաբերում են Պողոս Նուբար փաշայի դիվանագիտական գործողությանը:

«1912թ. Պողոս Նուբար փաշան նշանակվեց որպես կաթողիկոսի ներկայացուցիչ՝ Արեւմուտքում, որպեսզի ներկայացնի Հայ դատը, հայ խնդիրը: Իր տարբեր հանդիպումների ամփոփումը նա այնուհետեւ ուղարկում էր կաթողիկոսին: Այժմ այդ բոլոր թղթերը մեր արխիվում կան ֆրանսերենով»,- նշեց Կլեր Մուրադյանը: Հիշեցնենք, որ Պողոս Նուբար փաշան ականավոր քաղաքական գործիչ, Եգիպտոսի վարչապետ Նուբար փաշայի որդին էր, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիրներից մեկը եւ առաջին նախագահը։ Նա ղեկավարել է պատվիրակությունը, որը մասնակցել է Փարիզի հայտնի վեհաժողովին։

Խոսք գնաց նաեւ այն արխիվային նյութերի մասին, որոնք վերաբերում են գրող, քննադատ, բանասեր, լրագրող եւ հասարակական գործիչ Արշակ Չոպանյանին: Տիկին Կլերը պատմեց, որ առկա է Չոպանյանի այն պարտիտուրի ձեռագիրը, որի հիման վրա ֆրանսիացի կոմպոզիտոր Արթուր Հոնեգերը, ի խոնարհումն հայ ժողովրդի, մեծակտավ գործ է ստեղծել: Ընդ որում, Հոնեգերի բազմաժանր ստեղծագործությունը ժամանակին առանձնացել է իր հումանիստական եւ հակաֆաշիստական ուղղվածությամբ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031