Ասատուր Կարապետյանի զույգ հոբելյանները
Լրացավ հայկական պարարվեստի թիվ 1 քարոզիչ, 57-ամյա վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյանի ծննդյան 65 եւ բեմական ստեղծագործական գործունեության 45-ամյակները: Ճանաչված արտիստն այս անսամբլում է 1995 թվականից:
«Առավոտի» հետ զրույցում Ասատուր Կարապետյանը հիշեց 1970 թվականը, երբ իրենց՝ պարարվեստի ուսումնարանի հայկական պարի բաժնի 3-րդ կուրսի ուսանողներին Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի նորանշանակ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը եւ գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը հրավիրեցին իրենց մոտ աշխատելու: Մեր զրուցակցի հավաստմամբ՝ բոլորը գնացին երգի-պարի անսամբլ, իսկ ինքն իր քայլերն ուղղեց Վանուշ Խանամիրյանի ղեկավարած պարի պետական, թեեւ երկար չմնաց: Այնուհետեւ երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը կարծես թե համոզել է արտիստին, որն էլ 1976-1994թթ. աշխատել է այդ անսամբլում, սակայն, այնուամենայնիվ, 1995-ից տեղափոխվել է Պարի պետական անսամբլ, որտեղ ստեղծագործում է միչ օրս: Հարցին, թե ի վերջո ինչո՞ւ էր տարակուսում ընտրել՝ երգի-պարի՞, թե՞ պարի պետական անսամբլ, պարոն Կարապետյանը դարձյալ չմանրամասնեց, միայն հայտնեց հետեւյալը. «Մեր լեգենդներն ու ասքերը պարի լեզվով արտահայտում են ազգի յուրօրինակ հնչող տարեգրությունը, նրա անցյալը, ներկան, մաքառումները, երազանքներն ու ձգտումները, իմաստնությունն ու գեղեցիկ զգացումը: Ի վերջո, այս ամենն արդեն տասնամյակներ շարունակ տեղ են գտել թե երգի-պար, թե պարի պետական անսամբլներում»: Ըստ արվեստագետի, այսպես թե այնպես, երկու անսամբլներն էլ կոչված են նույն առաքելությանը:
Մեր զրուցակիցը հիշեց տարբեր ժամանակահատվածներում իր գործունեությունը Բեյրութի, Փարիզի, Հունգարիայի հայկական պարախմբերի հետ՝ կանխելով հարցը, ասաց, որ հոբելյանների առիթով շնորհավորանքներ է ստացել, բնականաբար, իր պարի պետականի արտիստներից, կոլեգաներից, հետո էլ Փարիզի «Նավասարդ», Բեյրութի «Արեգ», Բուդապեշտի պարի անսամբլներից:
Պարի պետականում շուրջ 20 բեմադրությունների հեղինակ Ասատուր Կարապետյանը զրույցի ընթացքում նշեց իր գլխավոր բալետմայստեր եղած ժամանակ անսամբլում բեմադրություններ իրականացրած ոչ միայն ֆրանսիացի ու վրացի կոլեգաներին, այլեւ Ռուդոլֆ Խառատյանին ու նրա խորեոգրաֆիայով բեմադրված «Քրմուհիներ» համարը: Վերջինս մեծ ջերմությամբ է ընդունվում հանդիսատեսի կողմից:
Վերջին շրջանում շահարկվող այն մտքին, թե բավական է աշխարհին ներկայանանք տրեխներով, անհրաժեշտ են ժամանակակից նոր համարներ, Ասատուր Կարապետյանը մասամբ է համակարծիք: Նրա ձեւակերպմամբ՝ ժամանակակից նոր համարներ անխոս անհրաժեշտ են, քանի որ, եթե մշակույթի բոլոր ոլորտները, այդ թվում՝ պարարվեստը, զարգացում չապրի, կդոփենք նույն տեղում. «Ինչ վերաբերում է տրեխներին, ապա կարիք չկա ամաչել մեր անցյալից, պատմությունից, ընդհակառակը՝ եկեք պահպանելով ազգայինը, բեմադրենք ու աշխարհին ներկայանանք այնպիսի բեմադրություններով, որ զարմացնենք օտար հանդիսատեսին: Կրկնում եմ՝ կարիք չկա ամաչելու, հակառակը՝ նրանք թող տեսնեն նույն տրեխներից ուր է հասել մեր արվեստը»:
Հետաքրքրությանը՝ այս պահին ի՞նչ նոր բեմադրության է ձեռնամուխ եղել բազմավաստակ արվեստագետը՝ պարոն Կարապետյանը պատասխանեց. «Սկսել եմ Տարոնի շրջանի կանանց ազգագրական պարերի շարքի բեմադրական աշխատանքները, ուզում եմ «ջարդել» հայկական պարում մշտապես հանդիպող կին-տղամարդ «միությունը»: Հետո էլ ժպտալով ասաց, թե առաջնահերթությունն ուզում է տալ կանանց:
Պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանին խնդրեցինք երկու խոսքով բնութագրել անսամբլի գլխավոր բալետմայստերին: «Անսահման նվիրվածություն, պատասխանատվության խորը գիտակցում, ամպագոռգոռ թող չհնչի, հաճախ էլ իսկապես ինքնազոհաբերման արտահայտություն (նկատի ունի ամենօրյա, հաճախ էլ հանգստի մասին մոռացած տքնաջան աշխատանքը): Ասվածիս գնահատականը հայաստանյան եւ արտերկրյա հանդիսատեսի ջերմ ընդունելությունն է»,- ասաց պարոն Չանչուրյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Ասատուր Կարապետյանը՝ պարի պետականի պարուհիների հետ:
«Առավոտ» օրաթերթ
30.06.2015