Վերջերս Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր նշանակված Կիրիլ Պետրենկոն հրաժարվել է հարցազրույցներ տալ երկու գերմանական լրատվամիջոցների, որոնք իր մասին հակասեմիտական տեղեկատվություն էին հանրայնացրել: Frankfurter Allgemeine Zeitung-ի փոխանցմամբ, ներկայումս երկու մեկնաբանություններն էլ հեռացված են այդ լրատվամիջոցների կայքերից: Խոսքը վերաբերում է մասնավորապես Northern German Radio-ին եւ Welt Online-ին:
Հիշեցնենք, որ ժամանակին ԽՍՀՄ-ից Եվրոպա արտագաղթած 43-ամյա Պետրենկոն այս պահին ղեկավարում է Բավարիայի պետական օպերային թատրոնը եւ ուր որ է՝ ստանձնելու է Բեռլինի ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորի պաշտոնը:
Northern German Radio կայքէջում նյութերից մեկի տակ եղած մեկնաբանության մեջ նրան անվանել էին թզուկ՝ հրեայի ծաղրանկարով:
Welt Online-ում էլ ծաղրել էին՝ հրեաների ամեն տեղ խցկվելը: Գերմանիայում հրեական JTA-ը քննադատել էր հակասեմիտական լուրերի տարածումը, նշելով, որ այն վիրավորում է հրեական համայնքի ազգային եւ կրոնական զգացումները:
NEWSru Israel-ն էլ նշել է, որ Կիրիլ Պետրենկոն առաջին հրեան է, որը ղեկավարելու է հեղինակավոր Բեռլինի ֆիլհարմոնիկը, նաեւ հավելել, որ Բեռլինի պետական օպերային թատրոնի դիրիժորն էլ իսրայելցի Դանիել Բարենբոյմն է, իսկ հունգարացի հրեա Իվան Ֆիշերը՝ Բեռլինի Կոնցերտհաուս նվագախմբի գլխավոր դիրիժորը:
Կարդացեք նաև
Կիրիլ Պետրենկոն ծնվել է երաժիշտների ընտանիքում: Նրա հայրը՝ Գարրի Պետրենկոն, Օմսկի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակն էր, մայրը՝ Օլգա Պետրենկոն, երկար տարիներ դասախոսել է Օմսկի ֆիլհարմոնիայում: Դեռեւս 11 տարեկանում Կիրիլն իբրեւ մենակատար հանդես է եկել Օմսկի սիմֆոնիկ նվագախմբի հետ: 1990-ին տեղափոխվելով Ավստրիա, նա լավագույն մասնագիտական կրթություն է ստացել, հետագայում իբրեւ դիրիժոր հանդես եկել հեղինակավոր բեմերում ու հայտնի նվագախմբերի հետ:
Սեփ. լր.
Լուսանկարը՝ bbc.com-ից
«Առավոտ» օրաթերթ
30.06.2015