Պատասխանելով «Սիվիլնեթի» այն հարցին, թե Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարները հանրային քննարկման արդյունքում ինչ որոշեցին, քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանն ասաց. «Երկրորդ օրն է հանրային քննարկումը տեղի է ունենում հենց Բաղրամյան պողոտայում եւ մեր խնդիրն այն է, որ ապահովենք քաղաքացիների մաքսիմալ մասնակցությունն ու ներդրումը»:
Ակտիվիստը ավելացրեց, որ իրենք ցանկանում են տարածքը կազմակերպել այնպես, որ տեղի ունեն թե մասնագիտական քննարկումներ, թե հանրային քննարկումներ, ինչպես նաեւ մշակութային, կրթական միջոցառումներ: «Մեր ցանկություն է նաեւ տեղեկատվական դաշտը թափանցիկ պահել եւ հանրությանը հասցնել այն ամբողջ ինֆորմացիան, որը ճիշտ է»:
Զարուհին նշեց, որ երեկվանից արդեն գործում է տեղեկատվական խումբը, ունեն նաեւ սեփական կայքէջ «Electric Yerevan» անունով, որտեղ տեղադրվում են այն հոդվածները, որոնք վերաբերում են շարժմանը: «Միեւնույն ժամանակ այդ խումբը աշխատում է նաեւ, որպեսզի տեղեկատվությունը տարածի սոցցանցերում: Կա հետազոտական խումբ, որտեղ սոցիոլոգներն են հիմնականում աշխատում, նրանք արդեն սոցհարցման համար հարցաթերթիկներ են պատրաստել»:
Բացի վերոնշյալ խմբերից, ըստ Զարուհի Հովհաննիսյանի, այսօր հիմնվել է նաեւ իրավաբանական խումբը, որը իրավական օգնություն ցույց կտա նստացույցի մասնակիցներին, կզբաղվի նրանց իրավական հարցերով: «Այստեղ հիմնվել է նաեւ մշակութային միջոցառումների կազմակերպման խումբը, հիմնվել է հանրային, մասնագիտական քննարկումների խումբը»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ կա գիշերակացի խումբը, որը փորձում է համակարգել, մարդկանց եւ ասել, թե ինչքան կարող են մնալ, որպեսզի չհոգնեն:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ