Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Սաֆարյան. «Վալերի Օսիպյանը հանրահայտ դեմագոգ է»

Հունիս 30,2015 22:35

«Տղաները նման որոշում են կայացրել, դա նրանց իրավունքն է»,-Aravot.am-ի հետ զրույցում Բաղրամյան պողոտայում անդրադառնալով «Ոչ թալանին» նախաձեռնության որոշմանը՝ հեռանալ Բաղրամյան պողոտայից, այսպես պատասխանեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը:

Նա նշեց, որ Բաղրամյան պողոտայում մնալն էլ իրենց իրավունքն է եղել և ոչ մի արհավիրք չկա: Հարցին՝ առճակատում չկա՞ երկու թևերի միջև, Գևորգ Սաֆարյանը պատասխանեց. «Ես չեմ տեսնում նման թևեր, ես անձամբ որևէ մեկի հետ առճակատում չունեմ, դա իրենց որոշումն է, որը մեր որոշման հետ չի համընկնում»:

Հետաքրքրվեցինք՝ պատրա՞ստ են Բաղրամյան պողոտայում պայքարել «Ոչ թալանին» նախաձեռնության հետ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, Գևորգ Սաֆարյանը պատասխանեց. «Խնդրեմ, իհարկե, անձամբ ճանաչում եմ նրանից շատերին, թեև համաձայն չեմ նրանց որոշման հետ»:

Մեր այն դիտարկմանը՝ արդարացի չէին արդյոք «Ոչ թալանին» նախաձեռնության այն հայտարարությունները, թե պատրաստի շարժման գլխին եկան կանգնեցին քաղաքական ուժեր, Գևորգ Սաֆարյանն արձագանքեց. «Նախ Դուք տեսնում եք, որ շարժման գլխին քաղաքական ուժեր կանգնած չեն: Բայց մյուս կողմից, եթե մարդիկ չեն ուզում, որ շարժման գլխին այլ ուժեր կանգնեն, ուրեմն այդ գլուխը պետք չէ թողնել: Չնայած չեմ տեսնում, որ ինչ-որ քաղաքական ուժեր ինչ-որ մեկի գլխին են կանգնում»:

Մեր մյուս հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Վալերի Օսիպյանի այն հայտարարությունը, թե Բաղրամյանում ոստիկանությունը ուժ չի կիրառի, և շարժումը ինքն իրեն կցրվի, Գևորգ Սաֆարյանն արձագանքեց. «Վալերի Օսիպյանը հանրահայտ դեմագոգ է, ինքը գիտի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930