Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 239-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորական ուղերձում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ, պարոն դեսպան, դեսպանության աշխատակիցներին և Ամերիկայի Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին՝ Անկախության տոնի կապակցությամբ:
Նման պետական տոների ժամանակ յուրաքանչյուր ժողովուրդ հայացք է նետում իր անցյալին, անցած ուղուն: Այս առումով ամերիկյան ժողովուրդը կարող է հպարտանալ իր նվաճումներով՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում արձանագրած մեծ հաջողություններով:
Մենք խորապես արժևորում ենք Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամությունը և ուրախ ենք, որ համատեղ ջանքերով երկկողմ գործընկերությունը բարձրացրել ենք որակապես նոր մակարդակի: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծապես կարևորում է հայ-ամերիկյան բազմաոլորտ համագործակցության խորացումը և Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ու ժողովրդավարության ամրապնդմանը ցուցաբերվող աջակցությունը: Մենք երախտապարտ ենք ԱՄՆ կառավարությանը և ժողովրդին Հայաստանի անկախացումից ի վեր ցուցաբերած մարդասիրական և տեխնիկական անգնահատելի օժանդակության համար: Ներկայում ևս Միացյալ Նահանգները շարունակում է տեխնիկական և ֆինանսական օժանդակության ծրագրեր իրականացնել Հայաստանում:
Հայ-ամերիկյան հարաբերություններում ընթացիկ տարին նշանավորվեց երկու երկրների միջև գոյություն ունեցող վիզային ռեժիմի դյուրացմամբ, ՀՀ և ԱՄՆ միջև առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ ու վերջերս կայացած ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերության կողմից «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գնման գործարքով: Դա ամերիկյան խոշոր կապիտալի անդրանիկ մուտքն է Հայաստանի տնտեսություն, և հուսով ենք, որ այն կքաջալերի այլ ներդրողների ևս հետևել այս օրինակին: Այս համատեքստում ցանկանում եմ նաև առանձնացնել Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովի դերը, որի արդյունավետ գործունեությունը նոր հեռանկարներ կբացի մեր երկրների համար: Շեշտադրելով ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ներգրավվածության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ ակնկալում ենք միջնորդական ակտիվ գործունեության շարունակում՝ հանուն Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության:
Կարդացեք նաև
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհավորել Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր ոչ միայն իրենց ներդրումն են ունենում Միացյալ Նահանգների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այլև հուսալի կամուրջ են հայ-ամերիկյան բարեկամական հարաբերություններում:
Ամփոփելով խոսքս՝ կրկին շնորհավորում եմ Ձեզ, պարոն դեսպան և Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն»:
ՀՀ կառավարություն
գնացել ա սուպեռվայզրի մոտ, խաչհամբուրյի