Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովի գործով գյումրեցի փաստաբանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կքննվի վաղը

Հունիս 30,2015 19:40

Ինչպես հայտնի է՝ Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանությունից հետո գյումրեցի փաստաբան Թամարա Յայոլյանը ներգրավվել էր որպես այս սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմայկովի պաշտպան: Սակայն, երբ փաստաբանը լսել էր Պերմյակովի՝ օրորոցում գտնվող երեխային սվինով սպանելու ցուցմունքը՝ չկարողանալով զսպել իր զգացմունքները, հրաժարվել էր նրա հետագա պաշտպանությունն իրականացնելուց: ՀՀ փաստաբանների պալատը կարգապահական վարույթ էր իրականացրել փաստաբանի նկատմամբ առ այն, որ Թամարա Յայոլյանը Վալերի Պերմակովին իրավական օգնություն է ցուցաբերել վարույթն իրականացնող մարմնի՝ մասնավորապես Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալի հրավերով, որը փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտում է համարվում: Բացի այդ, փաստաբանը հրաժարվել է մեղադրյալին իրավական օգնություն ցուցաբերելուց:

Վաղը ՀՀ Փաստաբանների պալատը կքննարկի այս գործը ու կկայացնի որոշում: Փաստաբան Թամարա Յայոլյանը բացատրություններ է տվել իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հետ կապված՝ նշելով, որ Շիրակի մարզի քննչական վարչությունը չի հանդիսացել վարույթն իրականացնող մարմին, որպես այդպիսի հանդիսացել է ՌԴ քննչական մարմինը, հետեւաբար եւ Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալը տվյալ դեպքում հանդիսացել է որպես մասնավոր անձ: Իսկ հայկական կողմից որեւէ քննիչ, որեւէ անձ մասնակցություն չի ունեցել տվյալ վարույթին: Բացի այդ, ըստ Թամարա Յայոլյանի, ինքը Պերմյակովի պաշտպանությունը ստանձնել է այն ժամանակ, երբ հայկական ու ռուսական կողմերի միջեւ համաձայնագիր ձեռք չէր բերվել տվյալ վարույթում հայկական կողմին մասնակից դարձնելու մասին: Այդ համաձայնագիրը կնքվել է Պերմյակովի պաշտպանությունը ստանձնելուց 9 օր անց:

Իսկ ինչ վերաբերում կարգապահական վարույթի երկրորդ մասին, այն է՝ փաստաբանը հրաժարվել է Վալերի Պերմյակովի շահերը պաշտպանելուց, Թամարա Յայոլյանն այս կապակցությամբ հետեւյալ բացատրությունն է գրել. «ԼԱՎ ԵՄ ԱՐԵԼ: Ստանձնելով Պերմյակովի շահերի պաշտպանությունը՝ ես վստահ եմ եղել, որ կարող եմ իրականացնել հանրային պաշտպանություն: Ես 18 տարի զբաղվում եմ փաստաբանական գործունեությամբ եւ առաջին սպանության գործով չէ, որ ես պիտի մասնակցեի: Չնայած ես վստահ էի, որ դասալքության վերաբերյալ է քննություն կատարվել, սակայն եթե Պերմյակովը՝ որպես կասկածյալ, նաեւ սպանության մասին խոսեր, ես պետք է շարունակեի պաշտպանությունը:

Պերմյակովը պատմեց դեպքի օրվա իրադարձությունները: Երբ նա սկսեց պատմել օրորոցում գտնվող երեխային սվինով սպանելու մասին, ինձ համար դժվար եղավ կառավարել զգացմունքներս, ես արտասվեցի: Չեմ կարող ասել՝ փաստաբանի պրոֆեսիոնալիզմը կապ ունի արտասվելու հետ, թե ոչ, ամեն դեպքում այնպես է ստացվում, որ, ով պրոֆեսիոնալ է, նա լսելով մանկահասակ երեխայի սպանության մասին՝ չի արտասվի, որ ՝ոչ, կարտասվի: Ես գտնում եմ, որ դա իմ մասնագիտական գիտելիքների հետ որեւէ առնչություն չունեցող հանգամանք է, սակայն ես վստահ էի, որի նման վարքագծով խանգարում էի գործի քննությանը, ինչպես նաեւ այլեւս վստահություն չէի կարող ներշնչել Պերմյակովին»:

Թամարա Յայոլյանը գտնում է, որ ինքը փաստաբանական էթիկայի տեսանկյունից ճիշտ է վարվել. ըստ նրա, այն փաստաբանը, որը ստանձնել է անձի պաշտպանությունը, սակայն հետագայում հասկանում է, որ ինքը չի կարող շարունակել ստանձնել անձի պաշտպանությունը եւ իր մասնակցությամբ կարող է վնաս հասցնել անձին, պետք է ազնիվ գտնվի ու հրաժարվի տվյալ գործի վարույթին մասնակցելուց: «Ես ունեմ խիզախություն, ասելու՝ չեմ կարող, այն պահին, երբ հասկացել եմ դա: Ես չեմ վախեցել քննադատվելուց եւ ինձ ամենազորեղ փաստաբանի տեղ չեմ դրել ինքս ինձ խաբելով, թե ամեն բան կարող եմ: Ես մարդ եմ, ես ունեմ զգացմունքներ եւ չեմ ամաչում դրա համար»,- ասում է Թամարա Յայոլյանը: Նա մեզ հետ զրույցում փոխանցեց, որ ինքը միջնորդելու է ռուս քննիչին այս գործում եւս հրավիրելու:

Վաղը հայտնի կդառնա փաստաբանական պալատի դիրքորոշումը փաստաբան Թամարա Յայոլյանի նկատմամբ, նկատենք սակայն, որ Պերմյակովի անունը լսելիս՝ գյումրեցիները իրոք չեն կարողանում զսպել իրենց հուզմունքն ու զայրույթը, հատկապես, երբ պահանջում էին դահիճին հանձնել ՀՀ արդարադատությանն ու այդպես էլ չբավարարվեց այն: Միայն այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը տարածեց հայտարարություն , որից թերեւս պարզ չէ՝ Պերմյակովին՝ որպես ֆիզիկական անձի, կհանձնե՞ն հայկական կողմին, թե ՞՝ոչ:

«ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև երկարատև բանակցություններից հետո որոշում է կայացվել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին հանձնելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը բանակցությունների ընթացքում հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկայի, ինչպես նաև ՌԴ ՍԴ նախագահ Վ. Զորկինի հետ:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի աննախադեպ լինելը, վարույթների փոխանցման հարցը քննարկվել է ոչ միայն երկու երկրների քրեադատավարական օրենսդրության, այլև սահմանադրական և միջազգային իրավունքի տեսանկյունից: Արդյունքում կայացվել է իրավական որոշում՝ ՌԴ քննչական մարմնի վարույթում քննվող քրեական գործը՝ սպանության մասով, ՀՀ իրավապահներին փոխանցելու վերաբերյալ: Ընթացակարգային հարցերի կարգավորումից հետո գործը կփոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի վարույթ: Հստակ ժամկետներ այս պահին նշել հնարավոր չէ:

Սակայն հստակ է, որ սպանության գործը քննելու են ՀՀ իրավապահները, արդարադատությունն իրականացնելու են ՀՀ դատարանները, մեղադրանքը պաշտպանելու է գործով հսկողություն իրականացնող դատախազը, դատավճիռը կայացվելու է Հայաստանի Հանրապետության անունից: Հաշվի առնելով գործընթացի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, դրան առնչվող թույլատրելի տեղեկատվությունը պարբերաբար կհրապարակվի պաշտոնական հաղորդագրությունների միջոցով»,-նշված է դատախազության պաշտոնական հայտարարության մեջ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930