Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյանը՝ ՄԻԵԴ վճիռների մասին. «Երկրները պետք է իրենք գտնեն փոխհատուցման ձևը»

Հունիս 30,2015 19:15

«Երկար սպասել ենք, որ Մինաս Սարգսյանը դիմի դատարան, երկար սպասել ենք, որ վճիռը լինի»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի փախստականների գործերով ՄԻԵԴ-ի վճիռը» քննարկմանը հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Ըստ նրա՝ ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքները բացարձակ համարժեք չեն. «Նրանք շեշտադրումը դնում են այն բանի վրա, որ տեսեք Հայաստանից են դա պահանջում: Եվ պատահական չէ, որ ԵԽԽՎ-ում հղում կատարելով այս որոշմանը՝ ադրբեջանցիները ցանկանում էին Լեռնային Ղարաբաղի և յոթ օկուպացրած տարածքների մասին ձևակերպումն ամրագրել զեկույցում: Բայց դա նրանց չհաջողեց: Անգամ, եթե գնեն բոլորին ու փաթաթեն ադրբեջանական գորգերի մեջ, չի ստացվելու: Չճանաչված, մասնակի ճանաչված և պայքարող հարյուրից ավելի սուբյեկտներ կան աշխարհում, նշանակում է, որ դա նոր իրողություն ու տեսակ է»: Դառնալով հարցի քաղաքական կողմին՝ տիկին Ալավերդյանն ասաց. «Այս գործընթացը թույլ է տալիս ԼՂՀ բոլոր պաշտոնական օղակներին ներգրավել այս հարցում»:

Մինաս Սարգսյանի որդին՝ Վլադիմիր Սարգսյանը, նկատեց. «Եղավ միասնականություն. և´ պետությունը և´ իրավաբանները մեզ հետ էին և արդյունքը կա: Հայրս միշտ երազում էր հետ գնալ գյուղ, ուզում էր պայքարած լինել, գյուղում ունեցել ենք տուն, անասուն այգի, ամբողջ գյուղն է դա ունեցել: Փոխհատուցում չեմ պատկերացնում ոնց պիտի լինի, մեզ համար ուրախալին այն է, որ մենք Ադրբեջանի դեմ մի հաղթանակ ունեցանք»: Տիկին Ալավերդյանը կարևորեց այս որոշումը նաև նախադեպային լինելու առումով ու մանրամասնեց. «Այդ որոշումն ունենալու է այն ուժը, որ երկրները կարող են իրենց ազգային ատյաններում հարցեր լուծել այդ որոշմանը հղում կատարելով»:

Դառնալով փոխհատուցման խնդիրներին՝ տիկին Ալավերդյանն ասաց. «Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները պետք է ձևը գտնեն վճիռը կատարելու, դա պարտադիր պետք է կատարվի: Այդպիսի մոտ 1000 բողոք կա Եվրադատարանում՝ 600-ը ՀՀ-ից, 400-ը Ադրբեջանից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930