17:00-ից հետո Բաղրամյան պողոտան սակավամարդ է, այստեղ տիրող վիճակը՝ հանդարտ:
Պողոտայի առանձին հատվածներում մարդիկ տարբեր խմբեր կազմած գտել են իրենց զբաղմունքը: Երիտասարդների մի խումբ «մաֆիա» է խաղում, ավելի տարեցները քննարկման են բռնված: Մի խումբ քաղաքացիների քննարկումից հասկանում ենք, որ նրանք համոզված են, որ ամբողջի մեղավորը նախագահն է. «Իմ ստորագրությամբ ինքը կարող է որոշումը փոխել»,- ասում է մի տղամարդ: Մի կին էլ մեզ բացատրում է. «Սերժը Բիբինի հետ պայմանավորված է, փայ ունի ինքը, գիտե՞ս»:
Խաղաղությունը մի պահ խախտվում է երիտասարդների ձայնից. իրազեկող ակցիայից են վերադառնում՝ «Մենք են տերը մեր երկրի», «Չեղարկում» կոչերով: Մի քանի րոպե հետո բոլորը նորից իրենց շրջապատով անցնում են քննարկման:
Կարդացեք նաև
Ու նորից «կարեւոր իրարանցում»՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն է անցնում Բաղրամյանով՝ ցուցարարների հետ զրուցելով, նորից համոզում է. «Եկեք չկրկնվենք, չբանավիճենք, չդիալոգենք, չդեմագոգենք՝ ձեր կողմից: Ես հստակ ասում եմ՝ դուք այստեղ որ, գտնվում եք, անօրինական է: Դուք այստեղ բարձրախոսները չեք միացնում, ոնց էիք երեկ խոսում՝ այ էս կարգի բարձրախոսներով»: Ցուցարար Հմայակ Մկրտչյանի ցանկությունը բարձրախոսներ ունենալն է, Վալերի Օսիպյանը բացատրում է, որ իրենց ունեցածներով էլ ձայնը բարձր կլինի:
«Ժողովուրդն այնքան շատ է լինում»,- ասում է ակտիվիստը: «Ինչքա՞ն, դուք հաշվե՞լ եք»,- հարցնում է Օսիպյանը, հետո բացատրում: «Այն շարժումը, որ այստեղ տեղի էր ունենում՝ «Ոչ թալանին», տեղափոխվեց Ազատության հրապարակ, իսկ մեկ այլ շարժումն ուղղորդվում է այլ ուժերի կողմից եւ նույնպես բացակայում են օրինական փաստաթղթերը»,- ասում է Վալերի Օսիպյանը՝ պատճառաբանելով, թե ինչու՞ իրենք այդպես վարվում այստեղ հավաքվածների հետ:
«Ոչ թալանինը մեզ հետ է»,- ասում է Հմայակ Մկրտչյանը, ինչին ի պատասխան Վալերի Օսիպյանն ասում է. «Մենք ցանկություն չունենք այստեղ անօրինական հավաքվածների հետ որեւէ առնչություն ունենալ, ստեղծել ավելորդ լարվածություն: Եթե դուք մեր հորդորներ չընդունեք, ոստիկանությունը այդ գործողությունները կընդունի որպես սադրանք, որ դուք միտումնավոր եք անում»:
«Սանիտեկի» գործի առթիվ էլ պարոն Օսիպյանը հրաժարվում է պատասխանել, ասում է՝ դիմեք քննչական ծառայություն:
«Դուք եք մեզ թալանում»,- բացականչում է Վալերի Օսիպյանի հետեւից մի կին, պահանջում, որ իր հետ զրուցի, փոխոստիկանապետը հրաժարվում է՝ ասելով՝ մենք ձեզ 100 տարի է գիտենք. «Դու հարյուր տարի առաջ չէիր ծնվել»,- ասում է կինը՝ շարունակելով մեղադրել ոստիկանությանը:
Գրողների միության այգում էլ «ռաբիսի ժամ է», մի երիտասարդ արդեն երգելով այստեղ գումար է հավաքում՝ կատակի վերածելով իր պահվածքը:
Այս պահին էլ Բաղրամյան պողոտայից մեկնարկած նոր իրազեկման ակցիան է:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ