Երեւանում հունիսի 18-20-ը անցկացվում էր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարը: Սեմինարի ընթացքում ներկա էր դիտորդական խումբ Լեռնային Ղարաբաղից, իսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունները բացակայում էին:
Սակայն 89-րդ «Ռոուզ-Ռոթ»-ի խոսնակներից էր ազգությամբ ադրբեջանցի Միացյալ Թագավորության «Չեթհամ հաուսի» Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի գիտաշխատող Զաուր Շիրիեւը, որն Aravot.am-ի հետ զրույցում քննարկումները շատ հանգիստ եւ հարգալից գնահատեց. «Քննարկումները արդյունավետ էին, որովհետեւ մենք քննարկեցինք տարբեր խնդիրներ, որոնք ոչ միայն Հայաստանի հետ էին կապված, այլեւ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային խնդիրների: Համաժողովի գլխավոր ձեռքբերումը այն էր, որ համաժողովը հարթակ էր գիտելիքի եւ փորձի փոխանակման համար: Կարծիքների եւ հեռանկարների շրջանակները մեծ էին, որոնք տարբեր խնդիրների շուրջ բազմաթիվ նոր մտքեր էին առաջ բերում»:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ադրբեջանը չի մասնակցել սեմինարին՝ Զաուր Շիրիեւը դժվարացավ ասել, թե ինչ քննարկում տեղի կունենար, եթե Ադրբեջանի պատվիրակությունը եւս մասնակցեր. «Որովհետեւ սեմինարի օրակարգը կարող էր տեղի տալ ավելի շատ կոշտ քննարկման, քան բանավեճի: Այո՛, Լեռնային Ղարաբաղի հայերը ներկայացված էին սեմինարին, բայց Ղարաբաղի ադրբեջանցիների ներկայությունը իրական երկխոսության կհանգեցներ, եւ հուսով եմ՝ նաեւ ավելի արդյունավետ քննարկման: Ես քննարկման ընթացքում ականատես եղա մեղադրանքի, թե ինչու Լեռնային Ղարաբաղի հայերը ներկայիս երկկողմ բանակցությունների կողմ չեն»:
Նա այդ հարցում առանձնացրեց երկու խնդիր՝ առաջինը՝ այն, որ խաղաղ քննարկումները տեղի են ունենում 1992 թվականին ընդունված Բեյքերի կանոնների հիման վրա, որոնք ընդունում են երկու հիմնական՝ Հայաստան եւ Ադրբեջանը եւ երկու շահագրգիռ կողմ՝ Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքը: Իսկ երկրորդ խնդիրն ըստ նրա այն է, որ Հայաստանի ընտրությունն էր Լեռնային Ղարաբաղին շահագրգիռ կողմ չճանաչել. «Նախագահ Քոչարյանի (Ղարաբաղի հայ), այնուհետեւ՝ Սարգսյանի ընտրությունից հետո, Հայաստանը վերջ դրեց խաղաղ բանակցության գործընթացին Ղարաբաղի հայերի ներգրավմանը: Ադրբեջանը եւ Հայաստանը փոխհամաձայնության եկան դրա շուրջ: Այնուամենայնիվ, ե՛ւ Ղարաբաղի հայերը, ե՛ւ Ղարաբաղի ադրբեջանցիները պետք է մաս կազմեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի համատեքստում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ