Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների վերաբերյալ

Հունիս 30,2015 17:34

Արդեն շուրջ տասը օր մայրաքաղաքի կենտրոնում հազարավոր երիտասարդ քաղաքացիներ բողոքի գործողություններ են իրականացնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման դեմ: Բողոքի ակցիաներ տեղի ունեցան նաեւ հանրապետության այլ բնակավայրերում: Ղեկավարման բարդություններով հանդերձ՝ «Ոչ թալանին» նախաձեռնության հավաքներն առայսօր առավելագույնս խաղաղ են եւ օրինապահ:

Բարձր գնահատելով «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսով ասպարեզ իջած, մեր երկրի ապագա հզորության երաշխիք այս նոր՝ անկախության սերնդի կեցվածքն ու դիրքորոշումները՝ արձանագրում եմ.

* քաղաքացիական հասարակության՝ իր իրավունքների համար պայքարը ժողովրդավարության հաստատման եւ հանրության կողմից իշխանությանը վերահսկելու արդյունավետ մեխանիզմ է,

* միայն հասարակության եւ պետական ինստիտուտների երկխոսությամբ ու փոխազդեցությամբ է հնարավոր հասնել առկա խնդիրների լուծմանը եւ մեր պետականության հիմքերի ամրապնդմանը,

* հունիսի 23-ի առավոտյան ցուցարարների եւ լրագրողների հանդեպ ոստիկանության կիրառած հնարավոր անհամաչափ գործողությունների յուրաքանչյուր դեպքի առթիվ անհրաժեշտ է ամբողջական քննություն իրականացնել եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին,

* Հանրապետության Նախագահի` հունիսի 27-ի հայտարարությամբ փաստացի առկախվել է սակագնի բարձրացումը՝ այդ բեռը չթողնելով բնակչության ուսերին, մինչեւ քաղաքացիական ու փորձագիտական հանրության մասնակցությամբ ոլորտում անցկացվելիք միջազգային ամբողջական աուդիտի արդյունքները,

* չափազանց վտանգավոր են Հայաստանի քաղաքացիների արժանապատիվ պայքարը, կոնկրետ խնդիր հետապնդող խաղաղ հավաքները տարբեր ուժերի կողմից իրենց՝ մեր ազգային-պետական շահերին հակասող նպատակներին ծառայեցնելու յուրաքանչյուր փորձ ու սադրանք,

* Մայրաքաղաքի կենտրոնի ամենաբանուկ՝ Բաղրամյան պողոտան տեւական ժամանակով փակելն ու կաթվածահար անելը չի կարող պայքարի միակ միջոցը լինել:

Մեկնելով այս հաստատումներից`

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին հորդորում եմ մնալ օրինականության սահմաններում, բացառել իրավիճակի անկառավարելի ու անկանխատեսելի որեւէ զարգացում, պայքարը տեղափոխել ավելի ռացիոնալ՝ երկխոսության ու գործակցության հարթություն, միմյանց ընդառաջ քայլերով մեղմել համընդհանուր անվստահության մթնոլորտը, համատեղ ուժերով լուծումներ փնտրել երկրի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական ու համակարգային խնդիրներին՝ ապացուցելով «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսի կենսունակությունն ու ճշմարտությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930