«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դատարան է դիմել՝ պահանջելով սնանկ ճանաչել «Նաիրիտը»: «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի քարտուղար, բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք համարում են՝ կառավարությունը պետք է ամեն ինչ անի ՀԷՑ-ի այդ հայտը հետ վերցնելու համար. «Դա սպառնալիք է «Նաիրիտի» սնանկացման եւ չվերագործարկման համար: Այն, որ մենք անընդհատ պնդում ենք, թե կառավարությունը շահագրգռված է, որ «Նաիրիտը» չաշխատի, իրենք անընդհատ ժխտում են, կառավարության անդամները, վարչապետը, էներգետիկայի նախարարն անընդհատ ժխտում են, թե իրենք ուզում են, որ «Նաիրիտը» փակվի, նրանք ասում են, որ մենք ուղղակի աուդիտ ենք պատվիրել, աուդիտի պատասխանն այսպիսինն է: Այսինքն՝ ասում են մեկ բան, բայց արվում է մեկ այլ բան»:
Անուշ Հարությունյանի խոսքերով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պահանջած գումարն այն գումարը չէ, որի պատճառով կարելի է «Նաիրիտը» սնանկացնել: Նա հայցի ներկայացումը աբսուրդ է համարում. Ըստ նրա՝ կարելի է ներկայացնել հայտ եւ պահանջել գումարը, բայց ոչ սնանկացնել եւ նոր պահանջել այդ գումարը. ««Նաիրիտը մեծ հնարավորությունների տեր է, եւ «Նաիրիտը» աշխատեցնելու պարագայում բոլոր տեսակի պարտքերը փակելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունի»:
Նա հավելեց, որ հիմա «Նաիրիտի» աշխատակիցները քննարկումներ են անցկացնում. «Համաշխարհային բանկի աուդիտին «Նաիրիտը» իր ամենաբարձր մակարդակով քննարկել է եւ բացասական պատասխան է արդեն տվել, իր վերաբերմունքն արդեն արտահայտել է, որ այդ աուդիտը իրականությանը որեւէ կերպ չի համապատասխանում: Նախ` սկսենք նրանցի, որ աուդիտն անցկացնում է այն կազմակերպությունը, որն արդեն երկու անգամ աուդիտ է անցկացրել «Նաիրիտում» եւ տվել է դրական պատասխան, որ «Նաիրիտը» կարող է աշխատել, իսկ հիմա չգիտես, թե ինչու երրորդ անգամ, որ պատվիրում է կառավարությունը, պատասխանը բացասական է լինում: Իսկ դա բացարձակապես որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, ինչի վերաբերյալ «Նաիրիտի» ղեկավար անձնակազմը իր վերաբերմունքն արտահայտել է, այսինքն՝ չի ընդունում այդ աուդիտի պատասխանը: Իսկ դրանից հետո, բնականաբար, կհետեւեն որոշակի քայլեր «Նաիրիտի» վերագործարկմանն ուղղված»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ