ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սիմոն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր կողմից սպանություն կատարելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո պարզել է, որ քննիչը կազմել է վկային կասկածյալի իրավունքները պարզաբանելու մասին արձանագրություն, սակայն վերջինս իրեն կասկածյալի իրավունքները չի պարզաբանել, նման արձանագրություն չի ներկայացրել, և ինքը նման արձանագրության տակ չի ստորագրել:
Բացի այդ, իրեն որպես վկա հարցաքննելու ընթացքում քննիչին հայտնել է փաստաբանի մասնակցությամբ հարցաքննվելու ցանկության մասին, սակայն երբ սկսվել է հարցաքննությունը, քննիչն ու քննչական բաժնի մեկ այլ աշխատակից դադարեցրել են տեսաձայնագրառումը և իրեն համոզել են հրաժարվել փաստաբանի մասնակցությամբ հարցաքննվելուց:
Սիմոն Մ.-ի հաղորդման հիման վրա պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն