«Զեկույց չկա, կա վերնագիր ու կիսազեկուցող»,-Aravot.am-ի հարցին` մտահոգություններ չունե՞ն այն առումով, որ ԵԽԽՎ-ի օրակարգում է զեկույցի նախապատրաստումը Լեռնային Ղարաբաղի մասին, այսպես պատասխանեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ զեկույցի նախապատրաստական փուլը սկսված է, պաշտոնապես կա զեկուցող, որը մինչև հոկտեմբերի վերջ շարունակելու է լինել ԵԽԽՎ պատվիրակ և զեկուցող, եթե Բրիտանիայում այլ որոշում չկայացվի:
Այնուհետև նշեց. «Այս նստաշրջանում ևս մենք աշխատանքը շարունակելու ենք, սա ուղղակի զեկուցողի հետ աշխատանք է, թեև մենք հայտարարել ենք, որ այս զեկույցի շրջանակներում մենք չենք համագործակցելու զեկուցողի հետ, այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ այս զեկույցի նախապատրաստական աշխատանքներ չծավալենք ու ձեռքներս ծալած նստենք: Այս պահի դրությամբ զեկուցողի հետ կապված ասեմ, որ որպես բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Վոլտերը չի ընտրվել, բայց քանի դեռ չի ձևավորվել նոր պատվիրակության կազմ, ըստ ԵԽԽՎ կարգերի` նա շարունակում է մնալ պատվիրակ և զեկուցող»:
Հարցին` ԵԽԽՎ-ում ինչպե՞ս են արձագանքել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին` մասնավորապես ցույցերին, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «ԵԽԽՎ-ն խիստ իրազեկ է և հետևում են հայաստանյան գործընթացներին»:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ վեհաժողովի դիրքորոշումն է այն, որ ցուցարարների նկատմամբ բռնություն չպետք է կիրառվի և բոլոր խնդիրները պետք է լուծվեն ՀՀ օրենսդրության շրջանակներում:
Հերմինե Նաղդալյանը նշեց, որ արձագանքները փաստացի կոչերի տեսքով են եղել ու ասաց. «Արտահայտված է կոչ՝ բոլոր կողմերին լինել օրինապահ և ժողովրդավարական սկզբունքների և արժեքների սահմաններում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ