Քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանը չի կիսում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների տեսակետը, թե Բաղրամյան պողոտայում «նստած վիճակով» պայքարը լճացել էր:
«Բացարձակ լճացման երեւույթ կամ դրսեւորում առկա չէ գոնե Բաղրամյանում:
Հաջորդ գործողությունները կորոշեն մտահոգ քաղաքացիները, որոնք պատասխանատվություն են վերցրել պայքարել հակասոցիալական ու ապօրինի որոշման դեմ: Ինչքան կտեւի պայքարը, միայն նստացո՞ւյց կլինի, թե՞ փողոցային պայքար, պայքարի բոլոր գործիքները եւս կընտրեն քաղաքացիները»,- Aravot.am-ին ասաց ակտիվիստը:
Նրա խոսքով, պայքարը երկու ճակատի չի բաժանվել, շարժումը չի պառակտվել. «Շարժումը ի սկզբանե եղել է միասնական: Ազատության հրապարակ գնալը
քաղաքացիների կողմից ընտրված ռազմավարական քայլ էր կամ քայլերի հետեւանք: Եթե անդրադառնանք ինքնաբուխ հանրահավաքներին, տրամաբանական է, որ հավաքի ընթացքում կարող են լինել քաղաքացիներ, որոնք առանձին-առանձին դիմում են այլ գործիքների՝ իրենց պահանջներին հասնելու համար:
Կարդացեք նաև
Շարժումը ռազմավարական այս քայլի հետեւանքով չի թուլացել, շարժման անդամները պայքարելու են մինչեւ վերջ:
Մնացած բոլոր տեղեկությունները, թե սրանք դավաճաններ են, սադրիչներ են, այո,՛ մենք ե՛ւ սադրիչներ ենք, ե՛ւ դավաճաններ, եթե կուզեք, բայց մենք միասնական ենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ