Հունիսի 24-ին Իջեւանի երաժշտական դպրոցի մանկավարժական խորհրդի նիստում երաժշտական դպրոցի շվիի դասատու, 1981թ. ծնված Էդգար Ամիրյանը վիճաբանության մեջ մտնելով՝ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել երաժշտական դպրոցի տնօրենի եւ ուսմասվարի հասցեին: Նա այդ կերպ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ներկաների հանդեպ, խախտել նիստի բնական ընթացքը: Երաժշտական դպրոցի մանկավարժական խորհրդի 9 անդամներ այդ կապակցությամբ դիմել են ոստիկանության Իջեւանի բաժին, այնտեղից էլ նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն: Այնտեղ դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում :
Նշենք, որ Էդգար Ամիրյանի նկատմամբ հարուցված քրեական մեկ այլ գործի քննությունն այժմ ընթացքի մեջ է: Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում անհրաժեշտության է առաջացել խուզարկություն կատարել Իջեւանում գտնվող Հ. Ներսիսյանի բնակարանում: Խուզարկություն կատարելու համար եղել է դատարանի որոշում:
Հունիսի 9-ին մարզային քննչական վարչության քննիչը փորձել է Հ. Ներսիսյանի բնակարանում խուզարկություն կատարել, սակայն մի խումբ անձինք, այդ թվում՝ Էդգար Ամիրյանը, դրան խոչընդոտել են: Այդ առնչությամբ Է. Ամիրյանի նկատմամբ Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել 2 հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Գործի բազմակողմանի,լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը») եւ ՀՀ քրեական օրենսգրքի 344 հոդվածով 1-ին մասով («Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը»):
Հավելենք, որ Է. Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ այն բանի համար,որ նա կեղծ վկայականով, որպես շվիի կատարող, 2004թ. աշխատանքի է ընդունվել Իջեւանի երաժշտական դպրոցում: Ըստ առաջադրված մեղադրանքի` բայցի այդ, Է. Ամիրյանը 2013թ. հուլիսի 29-ին աշխատանքից ազատվելու վերաբերյալ 2013թ. հունիսի 26-ի հրամանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վիճարկման ընթացքում որպես ապացույց է ներկայացրել իրավունք վերապահող վերահիշյալ կեղծ վկայականը, որի հիման վրա վերականգնվել է նախկին աշխատանքում: Դրա համար Է. Ամիրյանին 2 դրվագով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով: 2016թ. ապրիլի 16-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Է. Ամիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
Կարդացեք նաև
Է. Ամիրյանը բողոքարկել է սույն դատավճիռը, պահանջելով առաջադրված մեղադրանքում իրեն արդարացնել: Ներկայումս այդ գործի քննությունն ընթանում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ