Երևանի քաղաքապետարանի 2015թ.-ի ծրագրերով մայրաքաղաքում շարունակվող բարեկարգման աշխատանքներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս անգամ հետևել է Աջափնյակ վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է Աջափնյակի «Գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ, հետևել իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի շրջանակում հարմարավետ պայմաններ կապահովվեն շուրջ 3750 ընթերցողների և գրադարանում առկա շուրջ 213000 կտոր գրականությունը պահելու համար: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքը՝ հատուկ ուշադրություն դարձնելով որակին, նաև հետևել, որ աշխատանքներն ավարտվեն սահմանված ժամկետում: Զրուցելով գրադարանի աշխատակիցների հետ` Տարոն Մարգարյանը նշել է, որ մինչև տարեվերջ մայրաքաղաքում լիովին կլուծվի գրադարանների հիմնանորոգման տասնամյակների խնդիրը:
Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև «Աջափնյակ» գեղագիտական դաստիարակության կենտրոն, որտեղ ևս հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: Քաղաքապետին զեկուցվել է, որ հիմնադրման օրից ի վեր, մշակութային օջախը երբևէ նորոգման չէր ենթարկվել: Ծրագրի շրջանակում հարմարավետ պայմաններ կապահովվեն կենտրոնում գործող կերպարվեստի ու բեմարվեստի, հելունագործության և ձեռքի աշխատանքների, անգլերենի, դաշնամուրի, ժողովրդական և ժամանակակից պարերի, կարատեի և մարմնամարզության խմբեր հաճախող շուրջ 540 երեխաների համար։ Կրթօջախի տնօրենը կոլեկտիվի և կենտրոնի սաների ու ծնողների երախտագիտությունն է փոխանցել քաղաքապետին՝ մշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող հետևողական ուշադրության համար: Քաղաքապետն էլ վստահեցրել է, որ կրթամշակութային հաստատությունների հիմնանորոգման ծրագիրը կլինի շարունակական այնքան ժամանակ, քանի դեռ մայրաքաղաքում կա դրա անհրաժեշտությունը:
«Մենք հայտարարել էինք, որ պետք է կարճ ժամանակահատվածում նորոգման լուրջ աշխատանքներ իրականացնենք կրթամշակութային հաստատություններում, ինչն էլ այսօր հետզհետե կյանքի է կոչվում: Եվ համոզված եղեք, որ այս ծրագրերը կլինեն շարունակական, և բոլոր այն խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև, հետզհետե կստանան լուծումներ», – շեշտել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարան