Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ-ում մատ է թափ տվել

Հունիս 30,2015 14:40

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամները ամփոփիչ մամուլի ասուլիսին հայտարարեցին, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները հայկական պատվիրակության համար գերծանրաբեռնված են եղել: Պատճառն այն էր, որ «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցում Ադրբեջանի պատվիրակությունը խնդիր էր դրել զետեղել «Լեռնային Ղարաբաղի և յոթ այլ շրջանների գրավումը Հայաստանի կողմից» եզրույթը: Սակայն հայկական պատվիրակությանը հաջողվել է հասնել նրան, որ այս արտահայտությունը փոխարինվի:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը պատմեց, թե Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը ամբիոնից հայտարարել է, թե ինչ ուզում եք գրեք ու ասեք, միայն թե այդ արտահայտությունը թող պահպանվի:

Ըստ տիկին Նաղդալյանի՝ հաջողության հասան, քանի որ եռամիասնությունը՝ Սփյուռքի կառույցներ, դեսպաններ, պատվիրակություն, համախմբված աշխատեցին: Նաև հայկական պատվիրակության կողքին են կանգնել Իտալիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի պատվիրակությունները:

Հերմինե Նաղդալյանը կարծում է, որ այս ամենին հաջորդելու է տոտալ մոբիլիզացիա և հետհարձակում ադրբեջանական պատվիրակության կողմից:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ համաձայնել է այս անգամ բացառություն անել ու մասնակցել ասուլիսին, որպեսզի նշի, որ եռամիասնությունը, այն օղակը, որը չէր աշխատում, առաջին անգամ փայլուն աշխատել է: Այնուհետև նկատեց. «Մենք իրավունք չունեինք թույլ տալու, որ անկախ այդ փաստաթղթի իրավական արժեքից, սպրդի մի ձևակերպում ԼՂՀ վերաբերյալ, որը երբևէ չի եղել որևէ միջազգային փաստաթղթում: Ադրբեջանցի համազեկուցողը համաձայն էր կողմ քվեարկել ցանկացած հակաադրբեջանական ձևակերպման, անգամ այն, որ Ալիևը վերջին դիկտատորն է, Ադրբեջանի բանտերը լցված են ակտիվիստներով ու լրագրողներով, միայն թե այդ ձևակերպումը մնա: Նա բացահայտ վեհաժողովին բազար առաջարկեց պահել այդ ձևակերպումը, դրա փոխարեն ավելացնել Ալիևին քննադատող ձևակերպումը: Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը դահլիճում մատ էր թափ տալիս պատվիրակների վրա՝ ասելով, որ պետք է քվեարկեք: Նույնիսկ այն պատվիրակները, լոբբիստները, ովքեր չէին եկել, նրանց համար տոմս գնվեց, որ հասնեն քվեարկության»:

Իրենց քննադատողներին տիկին Զոհրաբյանն ասաց. «Եթե ՀՀ-ում կա մեկ պատգամավոր, որը վստահ է իր վրա, որ կարող է Ադրբեջանի կողմից պատանդ վերցված ԵԽԽՎ-ում աշխատել, ես ինքս պատրաստ եմ ԲՀԿ քվոտայով զիջել իմ տեղը: Մենք աշխատում ենք միլի մեջլիսում: Այսօր ԵԽԽՎ-ն միլի մեջլիսի դուստր ձեռնարկություն է»:

Պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը նշեց. «Մարդ էին որսում ամենուր, որ քվեարկեին այնպես, ինչպես իրենց է պետք, այլ ոչ թե այնպես, ինչպես մոնիտորինգային հանձնաժողովը, որը կողմ էր քվեարկել փոփոխությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930