Նոր ծննդաբերած եւ ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած կնոջ առողջական վիճակն այս պահին ծանր է: Նրան հիմա վիրահատում են նեյրովիրաբույժները:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոնում 33-ամյա ամուսինը կրակել է նոր ծննդաբերած կնոջ վրա, ապա ինքնասպան եղել: Թե որն է պատճառը՝ պարզում են իրավապահները:
Մեզ հետ զրույցում տուժած կնոջ հարազատները ասացին, որ թեեւ չէին սպասում, որ իրենց փեսան այդպիսի քայլի կդիմի, բայց նա ունեցել է հոգեկան որոշ խնդիրներ:
Հարազատներն ասացին, թե որքան փորձել են համոզել բուժվել, նա հրաժարվել է:
Կարդացեք նաև
Նշենք, որ արդեն լուրեր են տարածվում իբր խանդի հողի վրա է տեղի ունեցել դեպքը, իբր ամուսինը հանրապետությունից բացակայել է, ինչ-որ բան է իմացել, եկել եւ կրակել է կնոջ վրա, սակայն կնոջ մայրը մեզ վստահեցրեց, որ ամուսինը հանրապետությունից չի բացակայել եւ խանդի վարկածը բացառեց:
Վերակենդանացման բաժանմունքի մոտ հավաքված են աղջկա հարազատները, մայրն անընդհատ կրկնում է՝ տեսնես հասկանո՞ւմ էր ինչ էր անում:
Աղջկա ծնողներն ասացին, թե պատկերացում էլ չունեն, թե որտեղից փեսայի մոտ կարող էր զենք լինել:
Հիվանդանոցում լուրեր են շրջում, որ տղամարդը 4 անգամ է կրակել կնոջ վրա, 2 փամփուշտը կպել է կնոջ պարանոցին, 1-ը՝ սրտին, մյուսն էլ՝ պատին:
Aravot.am-ի հարցին՝ ամուսինը երբեւէ կնոջ նկատմամբ ագրեսիվ վարք դրսեւորե՞լ է, կնոջ մայրն ասաց. «Ոչ, երբեք: Նրանք շատ սիրով ամուսիններ էին, 3 տարի է ամուսնացած են եւ այս երեխան շատ սպասված էր: Կարող եք հարեւաններից, իրենց ճանաչողներից հարցնեք, բոլորը կպատմեն, թե ինչ սիրով ընտանիք էր»:
Կնոջ մայրն ասաց, որ փեսան վերջերս շատ մոտ մարդկանց է կորցրել, այդ հողի վրա էլ ինչ-որ հոգեկան խնդիրներ էր ձեռք բերել:
Բժիշկներն ասում են, որ մոտ երկու ժամ կտեւի վիրահատությունը: Aravot.am-ը ավելի ուշ որոշ մանրամասներ կհաղորդի:
Նշենք, որ այստեղ էր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որը մասնագետների հետ կոնսիլիում էր հրավիրել:
Նշենք նաեւ, որ տուժողը 27 տարեկան է, անունը՝ Միլենա, իսկ ամուսինը 33 տարեկան էր, անունը՝ Հայկ:
Տեսանյութը՝ շուտով
Նելլի ԲԱԲԱՅԱՆ