Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյանը Բաղրամյանում շնորհակալություն է հայտնում. «Գնդապետի իմ ընտանիքը օգոստոսի 1-ից չի վճարելու» (Տեսանյութ) 

Հունիս 30,2015 14:29

Քիչ առաջ Բաղրամյան պողոտա եկավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նա նորից սկսեց սպառնալ, որ ոստիկանության համար իրենց ցրելը եւ Բաղրամյանն ազատելը մի քանի րոպեի հարց է, բայց ուզում են, որ ցուցարարները իրենք իրենց գնան. «Սա կարգ չի, ձեւ չի, օրենք եք խախտում: Խնդրում եմ սթափվեք, վերանայեք ձեր որոշումը եւ ինքնուրույն դիմեք ոստիկանությանը, որ մենք ավարտեցինք, գնացինք»:

Նա շրջեց տարածքում եւ ցուցումներ տվեց կապույտ պաստառներով արգելապատնեշները տարածքից հեռացնել: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից Ռաֆայել Ավետիսյանը, որը մնացել էր Բաղրամյանում, խոստացավ հեռացնել դրանք: Վալերի Օսիպյանին դուր չեկավ, երբ ցուցարարը նրան այսպես դիմեց. «Հա, հանում ենք, Օսիպյա՛ն, 5 րոպեից հանած կլինենք»: Նա ոտքից գլուխ թարս չափեց ակտիվիստին՝ «Կամ կոչումով դիմեք, կամ լիարժեք դիմեք»:

Valeri OsipyanՑուցարարներից մեկն էլ խնդրեց Օսիպյանին մեկնաբանել Սերժ Սարգսյանի առաջարկը. «Որ ասում են՝ 6 ամիս է տեւելու աուդիտը, կլինի՞ մենք այս 6 ամսում վճարենք նախկին գինը»:

Օսիպյանը ոգեւորվեց, որ ցուցարարները կարծես համոզվում են, թե ինչքան լավ բան է առաջարկվել. «Բա տենց եք վճարելու»:

Մի ակտիվիստ ասաց. «Պարոն Օսիպյան, 6 ամիս եք ասում, որ ձմեռը գա, ոչ մեկը դուրս չգա՞»: Վալերի Օսիպյանն էլ հայտարարեց. «Ձմեռը ոչ ոք չի վճարելու: Հավատացեք, ձմեռը ոչ ոք չի թանկացնելու: Կարգն է այդպես»: Ցուցարարները ճշտեցին՝ իսկ եթե թանկացնեն, դուք մեզ հետ պայքարելո՞ւ եք առաջին գծում կանգնած՝ պետության դեմ: Նա պատասխանեց. «Ես հիմա էլ եմ ձեր կողքին կանգնած: Հիմա ինչ անում եք, ինձ համար եք անում, պարոն ավագ լեյտենանտի համար եք անում: Ես շնորհակալ եմ այն նախաձեռնող խմբին, ես առաջին քայլը հաղթանակ եմ համարում, որ ես՝ գնդապետի իմ ընտանիքը օգոստոսի 1-ից չի վճարելու»:

Ակտիվիստները ճշտում մտցրեցին՝ դուք չեք վճարելու, բայց բյուջեից վճարվելու է, չէ՞, այդ ամենը՝ նա հակադարձեց. «Ո՞վ է ասում վճարվելու է: Դիմեք կառավարությանը, ձեզ կասեն: Մենք ենք, ոստիկանություն ենք, չենք գնում քայլերի, կանգնեցիք մեկ օր, 10 օր, մեկ ամիս, ի՞նչ եք առաջ գցում, ասեք՝ ես էլ գամ ստեղ ձեր կողքին կանգնեմ: Այս հատվածը, այս փողոցը փակված մնաց, ի՞նչն եք առաջ գցում, փակ մնաց 1 տարի, ի՞նչ ավելացավ, ես չեմ հասկանում»:

Ակտիվիստները պատասխանեցին, որ ուզում են որոշման չեղարկում, կասեցում:

Օսիպյանն առաջարկեց, որ ցուցարարները ստեղծեն խումբ խելացի մարդկանցով եւ աուդիտի հանձնաժողովում ներգրավվեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930