«Ցավի նույնականացում, հիշողության գաղտնաբառը». լրագրող Արմեն Հակոբյանը այսպես է անվանել ալաշկերտցի Հարություն պապին և բոլոր նահատակված ու վերապրած հայրենակիցների հիշատակին նվիրված իր պոեմը։
«Պոեմը հայրենիքի մասին է, մեզնից յուրաքանչյուրի մասին»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց նա։
– Հաճախ է խոսվում զոհի բարդույթի մասին։ Հեշտ չէ խոսել մեկուկես միլիոն նահատակների մասին ու զերծ մնալ ողբերգական տրամադրություններից: Այս առումով, կարծես. Ձեր պոեմը առանձնանում է։
– Ինչ էլ լինի, իմ գրածի մեջ խեղճության դրսևորումներ, էլ չեմ ասում «զոհի բարդույթ», չեք տեսնի։ Դեռ հակառակը։ Որովհետև ես կարծում եմ՝ այն, ինչ արվել է, արվել է մեզ խեղճացնելու համար, բայց մենք չենք խեղճացել, մենք ունեցել ենք Վանի, Մուսա լեռան, Ուրֆայի հերոսամարտեր։ Ես այնտեղ խեղճ մարդիկ չեմ տեսնում։ Դա, իհարկե, ոճրագործի հանցանքը չի մեղմում, բայց մեզ բարձրացնում է մեր իսկ ընկալման մեջ։ Ես պոեմում հպարտությամբ եմ խոսում մեր արքաների մասին, մեր ու մեր մշակույթի, հզորության, անխորտակելիության, արևորդի ու արմեններ լինելու մասին։ Որովհետև կարծում եմ, եթե խոսք ես ասում, նախ՝ պետք է հուզի մարդուն, երկրորդ՝ ոգևորի ու բարձրացնի նրան։
Կարդացեք նաև
– Ինչո՞ւ ցավի նույնականացում։
– Շատ պարզ է։ Վերջերս Թուրքիայում, հատկապես պաշտոնական շրջանակում, շատ է խոսվում ընդհանուր ցավի մասին։ Չցանկանալով ստանձնել իրենց նախորդների արարքների պատասխանատվությունը, նրանք խնդիր ունեն հնարավորինս լղոզելու ամեն ինչ։ Ես պոեմում ասում եմ՝ գուցե նույնականացնե՞նք ցավը, պարզելու համար արդյո՞ք դուք նույն ցավն եք զգում, ինչ պատճառել եք։ Հազիվ թե։ Մարդ լինելը զուգորդվում է ուրիշի, բացարձակ անծանոթ մարդու ցավը զգալու ընդունակությամբ։ Ես հարցնում եմ՝ դուք այդքան մա՞րդ եք, որ իմ ցավը զգաք։ Ի՞նչ ընդհանուր ցավից ենք խոսում։ Վերջին հաշվով հարցը միայն այն չէ, որ Առաջին աշխարհամարտի ընթացքում և հաջորդող տարիներին, օգտվելով իրավիճակից, թուրքական իշխանությունները կոտորել են մեկուկես միլիոն հայերի, միայն ֆիզիկական բնաջնջման հարցը չէ, հայության մի ահռելի մասն էլ, ըստ էության, հայրենազրկվել է։ Ամեն ինչ արվել է, որ պատմական տարածքի բնիկ ժողովրդի նույնիսկ հետքերը ջնջվեն, ինչն էլ ավելի է խորացնում նրանց գործած ոճիրը։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում