Այսօր Բաղրամյան պողոտայում՝ ցուցարարների կողքին էր երգչուհի Սոնա Շահգելդյանը:
Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ չի ուզում գովաբանել իրեն. «Թեկուզ եկել եմ շատ ակնհայտ, բայց չեմ սիրում, որ նկարահանվեմ, բոլորը տեսնեն: Իմ ընտանիքի անդամներն են բոլորը այստեղ, միահամուռ գալիս են, որովհետեւ նրանք էլ են ուզում պայքարեն, որ Հայաստանում ամեն ինչ նորմալ ընթանա»:
Նա ասաց, որ ինքը բոլոր բողոքի ակցիաներին մասնակցում է. «Ես ընդհանրապես այսպիսի բաների մասնակցում եմ, եթե հիշում եք, մի ժամանակ 150 դրամ ակցիա կար: Ես միշտ պարտադիր ինքս իմ խղճի դիմաց եմ նախ մասնակցում՝ առանց որեւէ դերասանությունների: Ես ընդհանրապես անվախ մարդ եմ եւ վախենում եմ միայն իմ Աստծուց եւ ցանկանում եմ, որ իմ ժողովուրդը լավ ապրի: Ես, բացի երգելուց, բացի երգչուհի լինելուց պետք է նրանց մասին էլ մտածեմ, որովհետեւ ես ժողովրդի մի մասնիկն եմ: Ես ուղղակի ձեւականորեն մի բան չեմ անում: Իմ ընտանիքն էլ հիմա այստեղ է գտնվում, ու այդ ամեն ինչը անում ենք սրտանց, հոգով: Կոչ եմ ուզում անել, որ ոչ մի բան չթանկանա, որ մեր ժողովուրդը լավ ապրի, կուզենայի, որ ամեն ինչ բարեհաջող ընթանար»:
Մեր հարցին՝ ակտիվիստների մի մասը հեռացել են Ազատության հրապարակ՝ ցանկանալով մնալ 7 դրամ թանկացումը կասեցնելու պահանջի շրջանակներում, մյուս մասը Բաղրամյանում է, Դուք ո՞ր կողմի կարծիքին եք կողմնակից, նա պատասխանեց. «Ես ընդհանրապես ժողովրդի կարծիքին եմ կողմնակից: Ինքս իմ մտածելակերպն ունեմ եւ իմ կարծիքը: Ես չեմ ուզում շատ քաղաքականացնել այդ ամեն ինչը, որովհետեւ ես երգչուհի եմ, բայց ժողովրդի մի մասնիկն եմ: Ես մտահոգված եմ շատ հարցերի շուրջ: Միասնական պետք է լինել ու պայքարել: Կարծում եմ, ամեն ինչ բարեհաջող կավարտվի: Միայն ես ուզում եմ, որ ժողովուրդը լավ ապրի, չլքեն իրենց երկիրը, այդքան բան»:
Կարդացեք նաև
Հետո Սոնա Շահգելդյանն ասաց. «Անպայման մի հարց կլուծվի, ամեն դեպքում իմ սիրտը…չգիտեմ, հանգիստ է»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, եթե տագնապած լիներ Ձեր սիրտը, կարելի էր ասել, որ ինչ-որ բռնություննե՞ր էին լինելո՞ւ, նա պատասխանեց. «Չէ, չէ, բռնություն երբեք չեմ ցանկանա, որ լինի, որովհետեւ, գիտեք ինչ, բոլորն իրենց աշխատանքն են կատարում, ոչ մեկին չեք կարա պարտադրել, մեղադրել: Բոլորն էլ ժողովրդի մի մասնիկն են: Ամեն մեկին հարգում եմ յուրովի: Չեմ սիրում կռիվ անել, որ այդ ամեն ինչը հասնի կռվի, կուզենամ խաղաղ հարթվի եւ գնա»:
Մեր դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը լուծում է առաջարկել, բայց մարդիկ դեռ Բաղրամյանում են, ճի՞շտ է մնալը, նա պատասխանեց. «Ես Սերժ Սարգսյանի լուծմանը չեմ հետեւել, անկեղծ եմ ասում: Բայց եթե առաջարկել է, բնականաբար, հարգում եմ նրա որոշումը, եւ կարող է ամեն ինչ փոխվել եւ դեպի ավելի լավը գնալ»:
Սոնա Շահգելդյանն ասաց, որ համենայնդեպս, ինքը Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում. «Բոլորին հարգում եմ: Ես ուղղակի ինքս մահկանացու եմ, ամեն ինչ չեմ կարող անել: Միայն Աստված կարող է ամեն ինչ անել եւ տեսնել: Գիտեք ինչ, ընդհանուր պետք է այդ ամեն ինչը լուծվի՝ մի հոգով չի, երկու հոգով չի: Պետք է այս հարցին շատ լուրջ լուծում տալ: Կարծում եմ, բարեհաջող լուծումը կընթանա: Մենակ լույսի հարցը չի, պետք է շատ-շատ հարցեր լուծվեն: Միեւնույն ժամանակ ես իմ քաղաքը շատ սիրում եմ, իմ երիտասարդությանը շատ սիրում եմ, իմ գործը անում եմ հաճույքով, եւ հիմնականում իմ գործն եմ անում, եւ չեմ վախենում ինչ-որ մեկից, որ հիմա այստեղ գտնվում եմ: Ես հիմա այստեղ գտնվում եմ որպես Սոնա՝ ժողովրդի մասին մտածելով»:
Ի դեպ, Սոնայի մայրն ու քույրն ասացին, որ Սոնան խղճից թույլ է եւ ցուցարարների համար սնունդ է բերել բաժանել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Դատարկություն…