Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակցիայի «Ոչ թալանին» նախաձեռնող խումբը Ազատության հրապարակում, հունիսի 29-ի երեկոյան հայտարարեց, թե իրենք պայքարը չեն դադարեցրել, այլ այն տեղափոխել են Ազատության հրապարակ, եւ եթե տեսնեն, որ իրենց պահանջները չեն բավարարվելու, ցանկացած պահի կարող են վերադառնալ ու կրկին փակել Բաղրամյան պողոտան: Նրանք հետամուտ են լինելու իրենց պահանջներին:
Aravot.am-ը նախաձեռնության անդամ Արամ Առաքելյանից հետաքրքրվեց՝ Բաղրամյան պողոտայում ոմանք կարծում են, թե դուք դավաճանեցիք շարժմանը: Դա ձեզ չի՞ մտահոգում: «Մենք ճակատամարտում չենք, որպեսզի ասեն՝ դավաճանե՞լ ենք թե չէ: Ես միշտ ասում եմ, որ հարցին կարելի է նայել թե առավելությունների, թե բացասակաների կողմից: Եթե առավելությունների կողմից նայենք, այս ժամանակավոր տեղափոխությունը լավ հնարավորություն ընձեռեց երկու կողմերին էլ՝ մտածելու երրորդ կողմի տեսակետների մասին: Երկու կողմ ասելով՝ նկատի ունեմ այն մարդկանց, որոնք եկան օպերա եւ նրանց, ովքեր մնացին Բաղրամյան պողոտայում: Իրենք չառանձնացան: Մենք մի մարմնի տարբեր թեւերն ենք տարբեր ճակատներում՝ մի ամբողջականություն:
Մի բան պետք է հասկանալ. մենք մնում ենք այն համոզմանը, որ եթե անցկացվի բարձրակարգ միջազգային աուդիտ, որտեղ ներգրավված կլինեն երիտասարդ մասնագետներ, անպայման կբացահայտվեն խախտումները, քանի որ դրա մասին բարձրաձայն հնչել է նաեւ շատ բարձր ատյաններից: Մենք վստահ ենք նաեւ, որ եթե աուդիտը լավ անցկացվի՝ այնպես, ինչպես պետք է, սակագինը կիջնի, այլ ոչ թե յոթ դրամ կբարձրանա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արամ Առաքելյանը «ՈՉ Թալանին» նախաձեռնության անդամ երբեք չի եղել ու ՉԻ: