Վալերի Օսիպյանը հորդորում է հարգել հարակից շենքերի բնակիչների հանգստի իրավունքը:
Բաղրամյան պողոտայում շրջող Վալերի Օսիպյանը ակցիայի մասնակիցներին հորդորեց դադարեցրել աղմուկ-աղաղակը: Ըստ ոստիկանապետի՝ ժամը 23-ից հետո նրանք իրավունք չունեն համակեցության կանոնները խախտել, իսկ եթե ցուցարարները չենթարկվեն, Վալերի Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել: Ի պատասխան երիտասարդներից մեկն ասաց՝ «Երեկ, որ ոստիկանները «դուբինկաներով» խփում՝ շուխուր էին անում, ժամը 11-ն անց էր»:
«Երիտասարդ, չափերի մեջ մնացեք, օրենքի մեջ մնացեք»,-պատասխանեց փոխոստիկանապետը, որին մի երիտասարդ հակադարձեց՝ ինչի՞ համար. որ ճի՞շտն ենք խոսում:
Վալերի Օսիպյանը կազմակերպիչներին ասաց, որ բարձրախոսով հայտարարեն իր պահանջը եւ քաղաքացիներին բացատրեն, որ իրենց գործողությունները ժամը 23-ից հետո անհամաչափ են.
Կարդացեք նաև
«Մենք ցանկություն չունենք որեւէ խնդիր ունենալ ձեզ հետ, մենք ձեզանից մեկն ենք, եւ մեր ու ձեր հարաբերությունները կառուցողական թող լինեն: Մենք գտնվում ենք բազմաբնակարան շենքերի տարածքում, հարգելի քաղաքացիներ, դուք խանգարում եք այլ քաղաքացիների հանգստի սահմանադրական իրավունքը: Կանգնեք լուռ, եւ ոչ մի բան տեղի չի ունենա»:
Երիտասարդներին պաշտպանելու եկան ավագ սերնդի ներկայացուցիչները: Մի քաղաքացի պարոն Օսիպյանին ասաց. «Հո մարտի 1 չէ, այստեղ մարդիկ կանգնած խաղաղ ցույց են անում»: Մեկ այլ քաղաքացի էլ նկատեց. «Այս ժամին մենք մեր հաճույքի համար չենք եկել ստեղ, կայֆի համա՞ր ենք եկել, բոլորն էլ խելոք կանգնած են»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային: