Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարությամբ կոչ արեց բոլոր իրավաբաններին ու տնտեսագետներին միանալ ու ստեղծել մի համակարգ, որ քննարկեն աուդիտի գործընթացում ժողովրդի մասնակցության հարցը:
Նա ասաց, որ թեև ինքը կարող է ամեն օր այստեղ կանգնած մնալ, սակայն փողոցում մնալը տանում է լճացում, ուստի ուզում են հարթակը ընդլայնել ու լսել տարբեր կողմերի ու մասնագետներ կարծիքներ:
Այնուհետև մեջբերեց Պարույր Սևակի խոսքերը. «Էլի պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ այս պահին Ազատության հրապարակում խմբերով քննարկում են այն հարցը, որքանով է արդյունավետ և օբյեկտիվ այս հարթակը և այն հարցը, թե որքանով է աուդիտի գործընթացում անհրաժեշտ ժողովրդի մասնակցությունը:
Այնուհետև Սոֆյան վստահեցրեց. «Եթե չբավարարվեց մեր պահանջը, ապա դա կնշանակի, որ ժողովրդի նկատմամբ հերթական թալանն է տեղի ունենում, եւ մեր պահանջը շարունակում է մնալ նույնը. ինչպես ուզում են, թող բավարարեն: Եթե ուզում եք մեր աչքին թող փչել, չի ստացվի, տարիներ շարունակ դա անում են»: Մեր հարցին՝ չե՞ն զղջում, որ լքել են Բաղրամյան պողոտան, մանավանդ, որ հիմա այնտեղ ավելի մեծ թվով ժողովուրդ է հավաքված, քան Ազատության հրապարակում, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց. «Դա նորմալ է: Չենք փոշմանել, մեր նախաձեռնող խումբն է որոշել այնտեղի համակարգումից դուրս գալ, բայց դա չի նշանակում, որ ես թողել եմ այն հարթակը: Այն հարթակն էլ է իմը, որքանով, որ ես ժողովորդի մեջ եմ: Մենք էլ ենք եղել այնտեղ և′ երեկ, և′ այսօր, այնպես չէ, որ իմ պայքարը ժողովրդի կողքից դուրս է եկել»:
Սոֆյան կարծում է, որ Բաղրամյանում իրենք այլևս անելիք չունեին. «Մենք այլևս այնտեղ ի՞նչ պիտի անեինք, հերթական անգամ նստած պիտի լինեինք: Վեց ամիս նստելո՞ւ էինք այնտեղ, շարունակությո՞ւնը, կառուցողական քայլը ո՞րն է»: Մեր մյուս դիտարկմանը՝ կասկածներ կան, որ իշխանությունը նպատակ ուներ շարժումը պառակտելու, ինչին հասավ՝ ներդնելով քաղաքական տարբեր ուժերի, Սոֆյան արձագանքեց. «Քաղաքական տարբեր ուժերը, եթե ունեցել են իրենց մտադրությունները, միշտ էլ առաջ եկած են եղել: Այնպես չէ, որ առաջ եկած չեն եղել: Ուղղակի «Ոչ թալանինը» մաքրամաքուր է, ոչ մի կուսակցական հայացք չկա: Կարևոր պայքարը այսօր մեկ խնդրի համար է. էլեկտրաէներգիայի թանկացում, վատ կառավարում, թալան: Իրավիճակը վերլուծելով՝ կարող եմ ենթադրել, որ պառակտելու ցանկություն ունեին, բայց ես ենթադրություններ անելու իրավունք չունեմ, միևնույն ժամանակ ենթադրություններ չենք էլ կարող չանել»:
Սոֆյան հայտարարեց, թե Բաղրամյանից դուրս գալով չի նշանակում, որ փողոց չենք փակելու, հետո հիշեցրեց, թե երեկ էլ Ֆրանսիայի հրապարակն էին փակել:
Տեղեկացնենք, որ վաղը նախաձեռնող խմբին կներկայացվեն խմբային քննարկումների արդյունքում ստացված առաջարկությունները, իսկ ժամը 12.00-ին նախաձեռնող խմբի անդամները հանդես կգան ասուլիսով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ