Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Վլադիմիր Գասպարյանին. «Եթե ինքն իրեն տիրապետելու դժվարություն ունի՝ թող արձակուրդ գնա, հրաժարական տա»

Հունիս 29,2015 23:01

Երեկ Բաղրամյան պողոտայում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքը համացանցում դարձել է թեժ քննարկման առարկա: Նրա գոռգոռալը, անընդհատ ժամ ասելը, քաղաքացիների եւ լրագրողների վրա անընդհատ բղավելը եւ հիշեցնելը` «ես Վովա Գասպարյանն եմ», ֆեյսբուքյան քնարկումների կիզակետում է:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ոստիկանները, մանավանդ ոստիկանության ղեկավարը պետք է ամեն քայլափոխի հիշեն, որ նա իրավունք չունի գտնվել հուզական վիճակում: Մենք պետք է հասկանանք, որ ոստիկանությունը զինված ուժերի մի հսկայածավալ մասն է, եւ ամեն մի սխալ տրված հրահանգը կարող է հարյուրավոր մարդկանց կյանքի հետ խաղալ: Ինձ համար ընդունելի չէ, որ ոստիկանության պետը կարող է այդպիսի հուզական վիճակում լինել, դա քիչ չի, այդ հուզական վիճակը ցուցադրել ե՛ւ հանրությանը, ե՛ւ ոստիկանությանը: Եթե պարոն Գասպարյանն ինքն իրեն տիրապետելու հետ կապված դժվարություններ ունի, ուրեմն ինքը պետք է մտածի այդ հարցը լուծելու մասին՝ թող արձակուրդ գնա, թող հրաժարական տա: Բայց այդ հուզական վիճակներում իրավունք չունի ոստիկանության պետը լինել: Դուք հասկանո՞ւմ եք դա ինչ է նշանակում, ի՞նչ վտանգներով է հղի մարդը, որը այդպիսի լիազորություններ ունի եւ ասենք, կարող է ինքնատիրապետումը կորցնել եւ մի բան անել, որը ճակատագրական հետեւանքներ կարող է ունենալ հարյուրավոր, հազարավոր մարդկանց համար, նույնիսկ պետության եւ պետականության»:

Մեր դիտարկմանը, որ ոստիկանապետը ձեր գործընկերոջ՝ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի վրա էլ էր բղավում եւ հոխորտանքով խոսում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կապ չունի ում հետ, բայց ոստիկանության պետն իրավունք չունի այդպիսի հուզական վիճակում գտնվել, առավել եւս այդպիսի հուզական վիճակում հանրության հետ հարաբերվել, հրահանգներ, հրամաններ տալու: Դա ուղղակի անընդունելի է: Փառք Աստծո, երեկ այդ իրավիճակը դրսեւորումներ չունեցավ, բայց մենք երեկ տեսանք, թե ինչ հսկայական ջանքեր պահանջվեցին, որպեսզի այդ լարվածությունն ինչ-որ տեղ թուլանա»:

Կենդանի պատի շնորհի՞վ էր, որ երեկ ոստիկանությունը, որն անընդհատ ցուցարարներին ժամ էր ասում, վերջնաժամկետ էր դնում, ի վերջո ուժերը ապակենտրոնացրեց եւ լարվածությունը թուլացավ՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այն, ինչ տեղի է ունեցել, եղել է բոլորի աչքի առաջ ուղիղ եթերում: Յուրաքանչյուրը կարող է տալ իր գնահատականը: Ես ուրախ եմ, որ իրավիճակը ոչ թե գնալով ավելի լարվեց, այլ լարվածությունը թուլացավ: Թե ում շնորհիվ թուլացավ՝ էական չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930