Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վաղինակ Շուշանյան. «Մեծամասնությունը էմոցիոնալ ֆոնի վրա մնաց Բաղրամյանում»

Հունիս 29,2015 18:50

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն ասում է, որ արտառոց ոչինչ չկա այն բանում, որ ինքը մի շարք մարդկանց հետ երեկ գնացել է Ազատության հրապարակում շարունակելու էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը. «Ուղղակի «Ոչ թալանին» նախաձեռնությունն այս պահի դրությամբ այլևս նախաձեռնող չէ Բաղրամյան պողոտայում»,- Ազատության հրապարակում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հստակեցրեց նա:

Դիտարկմանը, որ որակումներ կան, թե Ազատության հրապարակ գնացողները դավաճաններ են, Վաղինակ Շուշանյանն ասաց. «Նորմալ է, դա հայի խասյաթ է, անգամ կարող են լոլիկով խփել, սովորական երևույթ է»:

Հարցին՝ վստահությո՞ւն կար, որ ոստիկանությունն ուժ էր կիրառելու, թե՞, այնուամենայնիվ, նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը բավարարում էր նախաձեռնող խմբին, Շուշանյանն ասաց. «Ո՛չ ոստիկանության ուժի մասին է խոսքը, ո՛չ նախագահի որոշման, ո՛չ էլ նախաձեռնությունը որոշում է կայացրել: Հանրությունը բաժանվեց երկու մասի: Մի մասը որոշեց լինել Ազատության հրապարակում, մյուսը՝ Բաղրամյան պողոտայում: Ես ինքս նախաձեռնության մի քանի անդամների հետ եկել եմ Ազատության հրապարակ: Ոչ մի արտասովոր բան չկա: Ուղղակի այնտեղ արդեն հնարավոր չէր կառավարումը մեր կողմից, որովհետև հայտնվել էին մի քանի կառույցներ, անհատներ, որոնք հարցը տեղափոխում էին լրիվ ուրիշ՝ քաղաքական հարթակ, ինչը մեր վերահսկողությունից դուրս կարող էր լինել այդ ժամանակ: Դրա պատճառով Բաղրամյան պողոտայում մենք այս պահին որպես նախաձեռնող հանդես չենք գալիս»:

Իսկ թե կոնկրետ ովքեր և ինչ կառույցներ են փորձել հարցը տեղափոխել քաղաքական հարթակ, Շուշանյանը չցանկացավ անուններ տալ:

Ինչ վերաբերում է հետագա գործողություններին, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամն ասաց, որ առայժմ ոչինչ չի կարող ասել, որովհետև դրանք դեռ քննարկման փուլում են: Քննարկման փուլում է նաև իրենց՝ աուդիտին մասնակցել-չմասնակցելու հարցը:

Պատասխանելով հարցին, թե կապ պահո՞ւմ է արդյոք Բաղրամյան պողոտայում ցույցը շարունակողների հետ՝ նա ասաց, որ այնտեղից է գալիս: Իսկ ինչպե՞ս ընդունեցին իրեն այնտեղ:

«Նորմալ, ժողովուրդ ջան, ես ազգի դավաճան չեմ, որ նորմալ չընդունեն»,- եղավ Վ. Շուշանյանի պատասխանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ազատության հրապարակից նորից վերադառնան Բաղրամյան պողոտա, Շուշանյանը պատասխանեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է և հավելեց. «Որպես անհատ՝ ես հենց հիմա էլ կարող եմ գնալ, ավելին՝ արդեն ասացի, որ այնտեղից եմ գալիս: Իսկ որպես նախաձեռնություն՝ դեռ չգիտեմ»:

Շուշանյանը վստահեցրեց նաև, որ նախաձեռնության ներսում տարաձայնություններ չկան, և խումբն ամբողջ գիշեր և´ Ազատության հրապարակում է եղել, և´ Բաղրամյան պողոտայում. «Որովհետև մենք բազմիցս ասել ենք՝ մենք ժողովրդի հետ ենք լինելու: Որտեղ կլինի ժողովուրդը, այնտեղ կլինենք նաև մենք: Ես ուղղակի երեկոյան ինձ վատ եմ զգացել, և ինձ տուն են տեղափոխել: Հիմա դեռ լավ եմ ու այսօր և´ այնտեղ եմ լինելու, և´ այստեղ»,- ասաց Վաղինակ Շուշանյանը:

Հարց-դիտարկմանը, թե ինչն է խանգարում, որ մի տեղ լինեն: Ի վերջո, մեծամասնությունը Բաղրամյանում է մնացել, նա պատասխանեց. «Մեծամասնությունը էմոցիոնալ ֆոնի վրա մնաց Բաղրամյանում: Ռադիկալ գործողությունների դրդողների էմոցիաների տակ մնացին: Բայց ես ուղղորդելու իրավունք չունեմ, որ մարդկանց հետս տանեմ Բաղրամյան կամ բերեմ Ազատության հրապարակ: Անձամբ ես երկու տեղում էլ լինելու եմ»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930