«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» Եվրոպայի խորհրդի և Դանիայի արտաքին գործերի նախարարության համատեղ ծրագրի շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. հունիսի 15-ին պաշտոնական այցով մեկնել էր Ֆրանսիայի Հանրապետություն:
Պատվիրակության կազմում էին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանը, Արտակ Բարսեղյանը, Մամիկոն Դրմեյանը, Ռուզաննա Հակոբյանը և Գոռ Հակոբյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներ Համլետ Ասատրյանը, Սերժիկ Ավետիսյանը և Ելիզավետա Դանիելյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական Ռուզաննա Հարությունյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի ավագ օգնական Ռուբինա Աթոյանը և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական Անի Դանիելյանը:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և աշխատանքային պալատների դատավորների, ինչպես նաև դատական բարձրագույն խորհրդի անդամների հետ:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի և Ֆրանսիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Բերտրան Լուվելի միջև հունիսի 16-ին տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում նախագահները քննարկել են Ֆրանսիայում և Հայաստանում վճռաբեկ վարույթի առանձնահատկությունների, վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշումների, վճռաբեկ բողոքին ներկայացվող պահանջների, ինչպես նաև երկու երկրների վճռաբեկ դատարանների գերծանրաբեռնվածության հետ կապված մի շարք հարցեր: Արման Մկրտումյանը ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վերջին տասը տարիների ընթացքում դատական նախադեպի ինստիտուտի կիրառման դրական փորձը՝ ընդգծելով դատական նախադեպի կարևորությունը կանխատեսելի և վստահելի արդարադատության իրականացման գործում:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին Արման Մկրտումյանը Բերտրան Լուվելին է հանձնել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2015 թվականի հունիսի 12-ի թիվ 17-Ա որոշմամբ սահմանված պարգևը՝ «Վճռաբեկ դատարանի հիմնադրման 10-ամյակ» հուշադրամը:
Հունիսի 17-ին պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ներկա գտնվել Բական ընդդեմ Հունգարիայի գործով (գանգատ թիվ 20261/12) Մեծ Պալատում անցկացվող լսումներին: Նույն օրը պատվիրակությունը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փոխնախագահ Ժոզեֆ Կասադևալի հետ և քննարկել Հայաստանի վերաբերյալ գործերով առկա վիճակը: Քննարկման ընթացքում Ժոզեֆ Կասադևալն ընդգծել է, որ վերջին տարիներին նկատելի է Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի կիրառման բարելավում, որի արդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացվել են քիչ թվով վճիռներ՝ ի համեմատ այլ երկրների:
Հունիսի 18-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության բաժնի ղեկավար Միխայիլ Լոբովի, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման բաժնի, Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (CEPEJ) և Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ:
ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայություն