Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյան` կառավարությունը 7 դրամը կփոխհատուցի Սամվել Կարապետյանի գրպանից (Տեսանյութ) 

Հունիս 29,2015 16:02

«Եթե միջազգային աուդիտ լինի, միանգամից, զիբիլը, կեղտեր դուրս կգան ջրի երես եւ նրանք կդատապարտվեն»,-այսօր «Տեսակետ» ակումբում այսպիսի համոզմունք հայտնեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Պարոն Սադոյանը վստահ է, որ այս շարժումը, որը, նրա կարծիքով, մեծ հաջողությունների է հասել, քաղաքացիական հասարակություն ձեւավորելու լավ առիթ է:

Արշակ Սադոյանի խոսքերով, Գազպրոմը, Բաշխիչ ցանցերը եւ այլ ռուսական ընկերություններ, որոնք Հայաստանում մենաշնորհային բիզնես են ծավալում, շահագրգռված են, որ գազը, էլեկտրաէներգիան թանկ լինի, քանի որ որքան մեծ է շրջանառությունը, այնքան մեծ է նրանց շահույթը:

Անդրադառնալով ՀՀ նախագահի` «Ոչ թալանին» նախաձեռնությանն արված ՀԷՑ-ում աուդիտ  անցկացնելու առաջարկությանը, Արշակ Սադոյանն ասաց, որ եթե աուդիտի հանձնաժողովի կազմավորման ժամանակ, հանձնաժողովում չընդգրկվեն հասարակության ուզած մարդիկ, ապա պայքարը շարունակելու են, պայքարելու են նաեւ աուդիտի անարդար որոշման դեմ:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանը նշանավոր մարդկանց, մասնավորապես` արվեստագետների ելույթները «նեգատիվ» համարեց:

Հիշեցնենք, որ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը  ոստիկանների գործողությունները լույս 23-ի գիշերը իրավաչափ համարեց, իսկ երիտասարդների շարժումը` ուղղորդված: Արձագանքելով կոմպոզիտորին, պարոն Պողոսյանն ասաց. «Այդպես պետք է մտածի գենշտաբի պետը, ոչ թե երաժիշտը, երաժիշտը պետք է ցավի իր երիտասարդների համար»:

Ըստ Արմեն Պողոսյանի, ասում են կոմերցիոն կորուստներ են եղել. «Այլ լեզվով ասած դա գողությունն է, իսկ գողության դեմ մենք ունենք դատախազություն, դիմե՞լ են դատախազություն՝ ոչ, բացահայտելը տեխնիկական հարց է, չի արվել, մենք չենք հաշտվում այս վիճակի հետ»:

Արմեն Պողոսյանն ասաց, որ մեր երկիրը չունի Էներգետիկ անվտանգության ռազմավարություն. «300 միլիոն դոլար պարտքով վերցնում ենք, որ երկարացնենք ատոմակայանի աշխատանքը, այդ երկարացնելը վերջ ունի: Շուտով մենք ապրելու ենք մոմի լույսի տակ, ինչքան էլ արեւ ու քամի լինի, բայց մետրոն չի կարող քամով աշխատել»: Պարոն Պողոսյանը վկայակոչելով առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներն ասաց` «Առանց ջեռուցման ապրելու դեպքում հիվանդությունների թիվը ավելանում է 1,4-2 երկու անգամ»:

Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, որը նույնպես մասնակցում էր ասուլիսին, ասաց` ծայրահեղությունը կավարտվի աղետով եւ հույս հայտնեց, որ Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ պայքարող երիտասարդությունն այն սերունդն է, որը Հայաստանը կազատի ասիականությունից:

Այն հարցին, թե կառավարությունն ի՞նչ միջոցներից պետք է փոխհատուցի 7 դրամը, մինչեւ աուդիտի արդյունքները պարզ կլինեն, Արշակ Սադոյանն ասաց` Սամվել Կարապետյանի գրպանից:

Պարոն Սադոյանը բնականոն զարգացում համարեց երիտասարդների երկու մասի կիսվելը եւ հիշեց Վազգեն Սարգսյանի ժամանակները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930