Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուշ թե շուտ մենք նաև ռուսական կողմի քննած նյութերին ենք ծանոթանալու». Վարոսյանը՝ Պերմյակովի գործի մասին

Հունիս 29,2015 15:41

«Այն խոսքերից, որ Հայաստանի դատարանն է դատավարություն իրականացնելու, այդտեղից ենթադրում ենք, որ այո, Պերմյակովը պետք է փոխանցվի Հայաստանին, որովհետև մեր օրենսդրությունը հեռակա դատավարություն հասկացությունը չունի: Դրանից ավելի տեղեկատվություն այս պահին չունենք»,- ասաց Ավետիսյանների սպանության գործով տուժածների իրավահաջորդ Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու վերաբերյալ տեղեկությանը:

Ինչ վերաբերում է հայկական կողմին գործի փոխանցմանը, ասաց՝ գերադասում է մի փոքր համբերել մինչև համապատասխան որոշումները լինեն. «Այսինքն՝ երբ որ քրեական գործը փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեին, բնականաբար, պիտի որոշում կայացվի քրեական գործերը միացնելու մասին, որի մասին մեզ տեղյակ կպահեն: Ես շատ կուզեի սպասել և ծանոթանալ այդ որոշման բովանդակությանը»:

Երվանդ Վարոսյանի խոսքով, այս գործով հիմա աննախադեպ իրավիճակ է. «Սպանության գործը պետք է լիներ հայկական վարույթում, դա ի սկզբանե պարզ էր, դա քննարկման առարկա չէր: Համաձայնագրով քննությունը պետք է իրականացներ Հայաստանի քննչական կոմիտեն: Ամբողջ խնդիրն առաջացավ այն պահից սկսած, երբ Պերմյակովը հայտնվեց Ռուսաստանի իրավազորության ներքո, ինչը համաձայնագրով չկարգավորվող իրավիճակ է: Խնդիրն այստեղ առաջացավ, թե չէ այն, որ Հայաստանը պետք է քններ, դա պարզ էր առաջին օրվանից: Եթե Պերմյակովը չհայտնվեր այդ օրը Ռուսաստանի իրավազորության ներքո, մենք դեպքից ավելի քան վեց ամիս հետո այսօր այս հարցը չէինք քննարկի»:

Հարցին՝հնարավո՞ր է՝ ռուսական կողմն արդեն ստացել է իրեն հետաքրքրող հարցերի պատասխանն, այդ պատճառով որոշել է Պերմյակովին հանձնել հայկական կողմին, փաստաբանը պատասխանեց. «Ուշ թե շուտ մենք նաև ռուսական կողմի քննած նյութերին ծանոթանալու հնարավորություն կունենանք, ինչը շատ հետաքրքիր կլինի, թե ինչ է պարզվել և ինչ ուղղություններով է քննությունն ընդհանրապես կատարվել և ինչ է պարզվել: Այդ ժամանակ էլ հարցերի պատասխանը կստանանք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930