Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդարադատության խորհուրդը դատավորին «կարգալույծ» չարեց

Հունիս 29,2015 15:14

Դատավոր Իշխան Բարսեղյանը բացատրություն տալիս ասաց.«Մի դեպքում ես ընդամենն արդարադատություն իրականացնելիս իմ իրավագիտակցությամբ մեկնաբանել եմ օրենքը, գնահատել փաստերն ու ապացույցները, ինչն ինքնին չի կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության, մյուս դեպքում էլ ուսումնասիրել եմ գործերը , կայացված վճիռները, հանգել եմ մի հետեւության, որ բացառվում է իմ՝ դատավորի մեղքը, իմ՝ դատավորի չարամտությունն ու կոպիտ անփութությունը»:

Հունիսի 25-ի արդարադատության խորհրդի որոշումը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանն ու նրա երկու փաստաբանները դեռ չեն ստացել:

Ստանալուն պես նրանց դիրքորոշումը նույնպես կներկայացնենք:

Արդարադատության խորհրդի որոշմամբ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվի. այն կարճվեց:

Հիշեցնենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը դիմել էր արդարադատության խորհուրդ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

Ըստ Էթիկայի հանձնաժողովի.«Ի.Բարսեղյանն արդարադատություն իրականացնելիս կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր եւ պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թույլ է տվել դատավորի բարձր կոչման հետ անհամատեղելի նյութական եւ դատավարական նորմերի պարբերաբար կատարված այնպիսի խախտումներ, որոնց առկայությամբ չի կարող կասկածի տակ դրվել որեւէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով»:

Դատավոր Իշխան Բարսեղյանը հանդես եկավ դռնբաց քննարկմանը, հայտնեց, որ իրեն մեղսագրվող իրավախտումներից երկուսում կան օրինական ուժի մեջ մտած վճիռներ:Ըստ դատավորի, այդ գործերով չի կարող իր նկատմամբ պատասխանատվության հարց բարձրացվել, քանի որ դատարանը արդարադատություն իրականացնելով՝ օրենքը մեկնաբանելիս դրսեւորել է մի մտածելակերպ՝ փաստերի , ապացույցների գնահատմամբ, որը սահմանված է ՀՀ դատական օրենսգրքով:

Հանձնաժողովը դատավորին «մեղադրել» էր վճռի կասեցումից հետո սահմանված ժամկետներում գործի մասնակիցներին վճռի ուղարկման ընթացակարգը խախտելու համար:

Այս հարցի կապակցությամբ Իշխան Բարսեղյանն ասաց. «Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124 հոդվածի 4-րդ պարբերությունում նման կետ չի սահմանել:Այն կարգավորվում է «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով»:

Դատավորը պահանջեց ցույց տալ գոնե մեկ գործ, որտեղ թույլ է տվել նյութական, դատավարական նորմի խախտումներ, որով «հեղինակազրկել է դատավորի բարձր կոչումը կամ արդարադատությունը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930