Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, այսօր՝ հունիսի 29-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացավ «Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում» վիրտուալ թանգարանի շնորհանդեսը: Մասնավորապես, ներկայացվեցին Ցեղասպանությանը նվիրված ցուցասրահները:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպատիեն նշեց, որ շատ ուրախ է վիրտուալ ցուցահանդեսի շնորհանդեսի առիթով. «Կայքը հայ-ֆրանսիական համատեղ ավանդի ներդրում է՝ այս տարին նշանավորած պատմական իրադարձության՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում»: Դեսպանը հայտնեց, որ կայքը այն ծրագրերից մեկն է, որ ծնվել է հայ-ֆրանսիական համաձայնագրի շրջանակներում, որ ստորագրվել է Ֆրանսիայի նախագահի Հայաստան այցելության ժամանակ: Նրա ձեւակերպմամբ, վիրտուալ թանգարանը Ֆրանսիայի ԱԳՆ պետական պահոցների ու արխիվների եւ ՀՀ պետական արխիվի համագործակցության արդյունք է: Ծրագրի ֆրանսիական կողմի ղեկավարն է Ֆրանսիայում ճանաչված պատմաբան Կլեր Մուրադյանը:
Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ անցյալ տարի սկսել են մի ծրագիր, որի նպատակն էր ներկայացնել հայ-ֆրանսիական կապերը քսաներորդ դարասկզբին: Օգտագործվել են բացառիկ փաստաթղթեր: Բացի ցեղասպանությանը վերաբերող նյութերից, կայքում փաստաթղթեր կան Առաջին համաշխարհային պարտերազմի տարիներին Ֆրանսիական բանակի կազմում կռվող հայկական լեգեոնի՝ Արեւելյան լեգիոնի մասին, որը, Ամատունի Վիրաբյանի ձեւակերպմամբ, աչքի ընկավ Միջին Արեւելքում, մասնավորապես Պաղեստինի մարտական գործողությունների ժամանակ: Հավելենք, որ 1918թ. Պաղեստինում՝ Արարատ լեռան շուրջ, տեղի ունեցավ Առաջին Աշխարհամարտի եզրափակիչ և վճռորոշ ճակատամարտերից մեկը՝ Արարայի ճակատամարտը, որտեղ դաշնակից ուժերի կողքին կռվում էին նաև հայ լեգեոներները: Կայքում զետեղված է 50-ից ավելի փաստաթուղթ, քարտեզներ:
Կարդացեք նաև
Ամատունի Վիրաբյանը փաստեց, որ 1915-ին Անգլիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը առաջին անգամ հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, որ գործվել է մարդկության դեմ հանցագործություն: ՀՀ ազգային արխիվի տնօրենը հիշեցրեց, որ Ֆրանսիան մեծաթիվ հայերի է ապաստան տվել Եղեռնից հետո:
Ծրագրի Ֆրանսիական կողմը ներկայացնող Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի տնօրեն Կլեր Մուրադյանը հավելեց, որ ամեն տարի ցուցահանդեսի բաժինները կհամալրվեն, արխիվային նյութերի թիվը կաճի, արդյունքում 2018-ին կայքը կամբողջանա: Կայքը եռալեզու կլինի՝ ֆրանսերեն, անգլերեն եւ հայերեն: Տիկին Մուրադյանը ի թիվս այլ նյութերի, խոսեց նաեւ Պողոս Նուբար փաշայի դիվանագիտական փորձերի, Հայաստանի խնդիրը ֆրանսիացի եւ անգլիացի դիվանագետներին ներկայացնող փաստաթղթերի. Փարիզի Խաղաղության վեհաժողովի ժամանակ Ադրբեջանի պահանջների եւ այլնի մասին՚:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ