Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 25-27-ը այցելել է ԼՂՀ: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ծրագրի ընթացքին և առաջիկա անելիքներին առնչվող հարցեր: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Ստեփանակերտի քաղաքապետարանին նվիրաբերվել է համակարգչային տեխնիկա: Հաջորդ հանդիպումը կայացել է Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում, ուր ևս նվիրատվություն է եղել գրքերի տեսքով: Աջափնյակի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար զոհված հայորդիների հիշատակին:
ԼՂՀ կատարած աշխատանքային այցի ընթացքում Աջափնյակ վարչական շրջանի և ԼՂՀ Շուշիի վարչակազմի միջև նախորդ տարի ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի հետ: Քննարկվել են համագործակցության արդյունքներն ու հեռանկարները: Շուշիի վարչակազմի և Շուշիի քաղաքապետարանի աշխատակազմերին ևս հանձնվել է համակարգչային տեխնիկա, ինչպես նաև նստարաններ: Իսկ Շուշիի թվով 2 մանկապարտեզներին տրամադրվել են խմբասենյակների գույք, մանկական խաղեր և անկողնային պարագաներ: Աշխատանքային այցը եզրափակվել է Շուշիում տեղակայված զորամասի և դիրքապահ զինվորների հետ հանդիպումով: Զորամասին հանձնվել է հեռուստացույց, իսկ դիրքապահ զինվորներին՝ խորհրդանշական նվերներ:
Երևանի քաղաքապետարան