Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Օհանյան. «Լրատվամիջոցներն իրենց բարձրության վրա են գտնվում»

Հունիս 29,2015 13:20

«Պետք է արձանագրենք, որ մի կողմից լրագրողները, քանի որպես մեր հասարակության ակտիվ մասն են, ե՛ւ որպես քաղաքացիներ են մասնակցում այդ գործընթացներին, ե՛ւ հատկապես՝ լիարժեք լուսաբանում են»,- հունիսի 29-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

Ըստ նրա՝ հենց այն հանգամանքը, որ մի քանի լրատվամիջոցներ ուղիղ եթեր են տալիս Բաղրամյան պողոտայից, եւ այդ ընթացքում նրանք, ովքեր իրենց տնից դուրս չեն գալիս, կարող են առցանց հետեւել գործընթացին, մեծ ազդեցություն է ունենում. «Դա նշանակում է, որ հասարակությունը մի կողմից իր վերահսկողության տակ է պահում բոլոր գործընթացները, որոնք կատարվում են փողոցում, հրապարակում, մյուս կողմից՝ իշխանությունը շատ ավելի զգաստ է իր ցանկացած քայլի հարցում, որովհետեւ գիտի, որ եթե մի սխալ քայլ կատարի, ինչ-որ մի վրիպում թույլ տա, որ հարձակողական գործողությունների անցնի հասարակությունը կարող է շատ արագ արձագանքել, որովհետեւ առաջվա նման հնարավոր չէ լինելու փակել տեղեկատվությունը հասարակությանը հասցնելու այդ ճանապարհը: Այդ առումով՝ պետք է արձանագրենք, որ լրատվամիջոցները իրենց բարձրության վրա են գտնվում»:

Tagui_Tovmasyan

Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը բողոքի ակցիաներին մարդկանց մասնակցության թիվը կապում է լրատվամիջոցների աշխատանքի հետ. Նրանք աշխատում են ճիշտ, տեղին եւ մարդիկ չունեն տեղեկատվական քաղցը, որը կար 2008 թվականին:

Նրա խոսքերով՝ լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ ագրեսիա կա. « Իմ կարծիքով՝ այդ ագրեսիան արհեստական, սարքած երեւույթ է, երբ որ դաշտը հագեցավ բազմաթիվ ոչ պրոֆեսիոնալ կայքերով, որոնք որ լրագրողի անվան տակ են հանդես գալիս եւ պախարակում են լրագրողի անունը: Նրանք արհեստականորեն լցրեցին այդ դաշտը, եւ լրագրողների նկատմամբ անվստահություն սերմանեցին: Հիմա այդ պտուղները քաղում են ոչ միայն լրագրողները, այլեւ հենց այն պաշտոնյաները, իշխանության այն ներկայացուցիչները, որոնք այս կամ այն կերպ ֆինանսավորում են այդ կայքերը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930