Երգահան Վահան Արծրունին հունիսի 29-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ հարցեր են առաջանում, երբ ոստիկանապետն ասում է՝ 30 րոպեից գործողությունները կսկսեն, բայց գործողությունները չեն սկսում:
«Նույն իրավիճակն էր, երբ երկրի վարչապետն ասում էր մի բան, իսկ որոշ ժամանակ անց երկրի նախագահը կանգնում է լրիվ հակառակ եւ անսպասելի որոշումներ է կայացնում. այդպես եղավ Մաշտոցի պուրակի պարագայում, այդպես եղավ Մաքսային միության անդամակցության պարագայում, այդպես եղավ, երբ որ քաղաքական դաշտից հեռացվեց հսկայական քաղաքական ուժ՝ նկատի ունեմ Գագիկ Ծառուկյանին: Այնպես որ այս իրավիճակում մենք կարծես թե սովոր ենք, որ վարչապետը կամ բարձրագույն կուսակցական պաշտոնյաններն ասում են մի բան, հետո բեմ է բարձրանում նախագահը եւ առաջարկում է իր վարկածը»,- ասաց նա:
Անդրադառնալով կենդանի պատի գաղափարին՝ Վահան Արծրունին ասաց, որ դա ռացիոնալ կորիզ է, եւ այն կարող է հատուկ մարմնավորում ստանալ որպես հասարակական շարժում. «Յուրաքանչյուր զանգվածային շարժում, նույնիսկ եթե ունի սոցիալական տարրեր, իր մեջ պարունակում է նաեւ քաղաքական տարր, այսինքն՝ երբ որ բազմաքանակ ժողովուրդ է հավաքվում փողոցում, սա նշանակում է քաղաքականություն, ներքին տրամաբանությունը տանում է դեպի քաղաքական դաշտին հատուկ լուծումներ: Երբ որ միտինգային փուլից ինքը դուրս չի գալիս՝ մտնում բանակցային փուլի մեջ, մտավախությունը կա, որ ինքը կմնա փողոցային փուլում: Հիմա, երբ որ նա լճացավ փողոցային փուլում, բնականաբար, դաշտի լարվածությունը տարբեր են, տարբեր հետաքրքրություններ կան, տարբեր մարդիկ այդ դաշտը փորձում են օգտագործել իրենց գաղափարները եւ տեսլականը հաստատելու համար, դա էլ է բնական: Ինձ հետաքրքիր է ընթացքը, որտեղ գերակայություններ կան, որտեղ գերակայությունները եւ արժեհամակարգը մնում են այն, ինչ պետք է լինի»:
Վահան Արծրունու խոսքերով՝ արդեն բավական նախապայմաններ են ստեղծված, որ այս խնդիրները բարձրացվեն լուրջ իրավաբանական, իրավագիտական բանակցային հարթակի վրա, իսկ երիտասարդները պետք է մտնեն քաղաքականության մեջ:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ