Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախորդ օրերին ավելի շատ պիկնիկային վիճակ էր այստեղ, հիմա ավելի հոդաբաշխ պետք է դարձնենք պայքարը»

Հունիս 29,2015 12:38

Բաղրամյան պողոտայում ցուցարարների թիվը գնալով նվազում է: Այստեղ է քաղաքացիական ակտիվիստներից Զարուհի Հովհաննիսյանը:

Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ Բաղրամյան պողոտայո՞ւմ, թե՞ Ազատության հրապարակում պայքարելն է ճիշտ, նա պատասխանեց. «Դեմ եմ, որ երկու խմբերը իրար պիտակավորեն, որակավորեն: Եթե մի խումբ համարել է, որ իր պահանջները կատարված են եւ բավարարված են ու հեռացել են, ապա դա չի նշանակում, որ մյուս խումբն իրավասու չէ եւ լեգիտիմ չէ շարունակել պայքարը: Ինձ համար այս պահին ճիշտ ու սխալ չկա»:

ՀՀ նախագահի հայտարարությունը հոսանքի թանկացման վերաբերյալ Զարուհի Հովհաննիսյանին չի բավարարել. «Ցանկացած քաղաքացի գիտի՝ ինչպես է ձեւավորվում բյուջեն, քաղաքացիների հարկերի միջոցով, կառավարությունը հարկատուների գումարները պետք է ուղղի հոսանքի թանկացմանը, մեզ՝ քաղաքացիներիս, զրկելով որոշակի բյուջետային հնարավորություններից:  Այս դեպքում քաղաքացին իր գրպանից կվճարի, թե իր հարկերից կվճարեն, թե վաղը մյուս օր քաղաքացու վրա մեկ հարկ էլ կավելացնեն, որ վճարեն, տարբերություն կա՞:

Ես որեւէ մեկի որոշման համար պատասխանատու չեմ, ոչ էլ կարող եմ մեկնաբանել: Մի բան հստակ է՝ եթե հանրության մեծամասնության կողմից երեկ որոշում է կայացվել, որ պետք է շարունակել պայքարը Բաղրամյան պողոտայում, ապա այդ պայքարը պետք է ստանա նոր որակ»:

Մեր հարցին ի պատասխան, թե ո՞ւր է հիմա այդ մեծամասնությունը, կարծես թե այստեղ ընդամենը տասնյակ ցուցարարներ են մնացել, ասաց՝ առավոտյան գնացին հիգիենիկ հարցերը լուծեն ու վերադառնան, Զարուհի Հովհաննիսյանն ասաց. «Առաջիկա ժամերին որոշակի բաներ կպարզվեն, թե ինչպես պետք է կազմակերպվի, շարունակվի պայքարը:

Ի վերջո, այս հնգօրյա ժամանակահատվածում տեսնում ենք տեքստի պակաս, պատասխանները ոչ այնքան ձեւակերպված էին, ավելի շատ երգ ու պարով էր լցված տարածքը, հիմա ավելի հոդաբաշխ պետք է դարձնենք, այն օրերին ավելի շատ պիկնիկային վիճակ էր, ճամբար»:

Ըստ Զարուհի Հովհաննիսյանի, Բաղրամյան պողոտայում մնացած խումբը պետք է ձեւակերպի՝ ինչու է դեմ, ինչպես պետք է պայքարի:

Մեր հարցին՝ ինչպես պետք է շարունակել պայքարը ու ինչ պահանջներ պետք է բարձրացնել, ասաց. «Հանրային քննարկման միջոցով պետք է պարզաբանվի, որ հասարակությունը հասկանա՝ ինչ է այստեղ կատարվում, ովքեր են մնացել ու ինչ պահանջներ են դնում: Իրավասու չեմ ասել պահանջի տարբերակներ, պետք է քննարկվի»:

Վերջում էլ զարմացավ՝ ինչու են «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հիմա համարում, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հոսանքի թանկացման մասին բավարար է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930