Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Պարտադիր չէ ապրել սառնարանի արկղում

Հունիս 29,2015 15:00

Ցանկալի է պարզապես իմանալ, թե ինչի համար ես ապրում

Վերջերս ԵՊՀ ռեկտորը, պատասխանելով իր ունեցվածքի մասին լրագրողի հարցին, ընդվզեց. «Ես բոմժ չեմ, որ ապրեմ սառնարանի արկղում»: Ժուժկալության սահմանների մասին խոսակցությունները սովորաբար բերում են այն մտքին, որ ամեն ինչ հարաբերական է եւ պայմանավորված է պատմական հանգամանքներով: 1996 թվականին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի տունն ընկալվում էր որպես ճոխության բարձրագույն դրսեւորում եւ համապատասխան վերաբերմունքի էր արժանանում ընդդիմադիր զանգվածի կողմից: Այսօր այդ տունը չափազանց համեստ է ներկայանում մեր չինովնիկների հսկայական պալատների կողքին: 20 տարվա ընթացքում ՀՀ շարքային քաղաքացիների նյութական վիճակի մեջ, կարծես թե, առանձնապես խոշոր առաջընթաց չի նկատվել, ինչը չի կարելի ասել մեր բարձրաստիճան պաշտոնյաների մասին: Ուրեմն խնդիրը ոչ միայն տնտեսության զարգացման կամ օրենսդրական սահմանափակումների մեջ է, այլեւ էթիկական նորմերի մեջ, որոնք ընդունված են վերնախավի շրջանում:

Հայաստանում այն մարդիկ, ովքեր պետք է մնացած հասարակությանը տան այդ նորմերի, այսինքն՝ կամավոր ինքնասահմանափակման դրական օրինակները, հենց նրա՛նք առաջին հերթին են դառնում բոլորովին այլ չափանիշների կրողներ: Վստահ եմ, որ միայն պետության կողմից ներկայացվող պահանջները, կոռուպցիայի դեմ պայքարը եւ մնացած նման բաներն այս հարցում քիչ են՝ պետք է նաեւ «ավանդույթի ուժ»: Ի վերջո «Բենթլի» քշելը էթիկայի խնդիր է, Երեւանում նստավայր կառուցելը՝ նույնպես: Եվ հակառակը՝ Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան փորձել է այլ նախադեպ ստեղծել, ինչպես նաեւ Հռոմի ներկայիս պապը՝ աչքի առաջ ունենալով իր «նախատիպ» Ֆրանցիսկոս Ասիզցուն:
Ճգնավորության, ժուժկալության, մարմինը, անզուսպ ցանկությունները ճնշելու, «սպանելու» գաղափարը կա ցանկացած կրոնում, բայց այն հատկապես տարածված է քրիստոնեության մեջ եւ մեծ դեր էր խաղում եվրոպական մշակույթում: «Ասկեզա» բառը եվրոպացի քրիստոնյաները վերցրել են հին հույներից` այն բառացի նշանակում է «վարժություն», որը զարգացնում է մարդու հոգեկան ուժերը: 19-րդ դարի ռուս ուղղափառ հոգեւորական եւ աստվածաբան Թեոֆան Ճգնավորը պնդում էր, որ ինքնասահմանափակմանն ուղղված ցանկացած ուխտ՝ լինի դա պահք, աշխատանք, մենակեցություն, խոկում, Աստվածաշնչի ընթերցում, այդպես էլ վարժություն կմնա, եթե չի բացում մարդու առջեւ երանության դուռը: Այսինքն՝ մարդիկ, հատկապես նրանք, որոնց ինչ-որ բան է տրված, չեն կարող զուսպ եւ համեստ լինել, եթե չգիտեն, թե ինչի համար են դա անում, ինչի են ուզում դրանով հասնել:

Աթեիստական Խորհրդային Միությունում նման խնդիր չկար: 1970-80-ականներին կոմունիստական վերնախավը չափազանց ճոխ եւ շռայլ էր ապրում, բայց ստիպված էր այդ ճոխությունը թաքցնել, որովհետեւ պաշտոնապես այդ երկրում շուկայական հարաբերություններ գոյություն չունեին: Որտեղի՞ց հապա պետք է հայտնվեր հարստությունը: Գուցե նրանք հենց դրա համար էլ սկսեցի՞ն «վերակառուցումը», որպեսզի այդ հարստությունը օրինականացնեն: Հիմա «երկրի տերերը» կարող են չթաքնվել՝ «արդարացնելով» իրենց շվայտ կյանքը բիզնեսով, որով իբր զբաղվում են նրանց բարեկամները, ինչը միանգամայն «լեգիտիմացնում է» նրանց ոսկե զուգարանակոնքը: Մեր երկրի նման երկրներում, որտեղ միջին խավը չափազանց սակավամարդ է, այդ ճոխությունն առաջացնում է չունեւոր խավերի զայրույթը:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մարդկանց վարքի խթանիչ ուժը չպետք է լինի այն, թե՝ վախենո՞ւմ են նրանք ցույց տալ իրենց ցոփությունը, թե՞ չեն վախենում, կարժանանա՞ն արդյոք զանգվածների ատելությանը, թե՞ չեն արժանանա: Համեստ կյանքով ապրելու ցանկությունը պետք է գա «մարդու ներսից» եւ ծառայի հոգեւոր նպատակների: Թե չէ՝ լինում են նաեւ դեպքեր, երբ մարդիկ մտածում են՝ «արի, ես երկու օր ինձ զսպեմ, որի համար Աստված ինձ իմ գործերում հաջողություն կպարգեւատրի»: Նման ինքնախաբեությամբ կարող են զբաղվել միայն, մեղմ ասած, ոչ այնքան խելամիտ մարդիկ:
Այնպես որ՝ պարտադիր չէ առավոտվանից գիշեր տանջել սեփական մարմինը, հնդիկ վանականների նման ամիսներով կանգնել մեկ ոտքի վրա կամ, ավելի ժամանակակից փոխաբերությունն օգտագործելով, ապրել սառնարանի արկղում: Կարեւոր է, եթե ընդհանուր ձեւակերպում տանք, հասկանալ, թե ինչի՞ համար ես դու ապրում:

…Բուդդան նույնպես երիտասարդ տարիներին միացել էր ճգնավորներին եւ 6 տարի կամավոր կերպով դաժան զրկանքներ էր կրում: Բայց հետո տեսավ, որ դա նրան որեւէ ձեւով չի մոտեցրել իր հոգեւոր նպատակներին, եւ եկավ այն եզրակացության, որ ոչ մի մարմին պետք չի «սպանել», նույնիսկ՝ սեփականը: Դրանից հետո նա որոշեց պարզապես չափավոր, զուսպ կյանք վարել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ջիվան Նադարյան says:

    Այո շատ կարևոր է, որ ամեն մարդ բացահայտի այս կյանքում իր կոչումը և հավատարիմ մնա իր կոչմանը: Եվ կարևոր է ոչ թե այն, թե մարդ ինչ կտանի այս աշխարհից իր հետ (որովհետև իրականում ոչ մի նյութական բան չի կարող տանել) այլ այն թե նա ինչ ժառանգություն կթողնի այս աշխարհում (իհարկե ոչ նյութական):

  2. Արտակ Գաբրիելյան says:

    20 տարվա ընթացքում ՀՀ շարքային քաղաքացիների նյութական վիճակի մեջ, կարծես թե, առանձնապես խոշոր առաջընթաց չի նկատվել – անսպասելի կարծիք:

    Ուղիղ 20 տառրի առաջ ես ընդունվեցի աշխատանքի 10 դոլարին համարժեք դրամ աշխատավարձով: Ծրագրավորող էի աշխատում: Հիմա ես ու իմ մակարդակի ծրագրավորողները ստանում ենք մի քանի 100 անգամ ավելի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930