Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բաքուն փորձում է թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը

Հունիս 29,2015 14:30

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին

– Պարոն նախարար, առաջին հարցը փոքր-ինչ ընդհանրական բնույթ ունի: Ինչպիսի՞ն է ՀՀ կարծիքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) գործունեության վերաբերյալ:

– Հայաստանը բարձր է գնահատում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը Եվրոպայի խորհրդի 47 անդամ-երկրների 800 միլիոն բնակչության մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության գործում: Հայաստանը մշտապես աջակցել է այն գործընթացներին ու բարեփոխումներին, որոնք ուղղված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացմանն ու դատարանի գործառույթների լիարժեք կատարմանը:

– Չիրագովն ընդդեմ Հայաստանի վճռի հրապարակման առաջին իսկ պահից Ադրբեջանը փորձեց շահարկել այն, տալ վճռի մեկնաբանության սեփական, յուրովի տարբերակը՝ մասնավորապես ասելով, որ դատարանը Հայաստանին մեղադրում է Ադրբեջանի տարածքների օկուպացիայի մեջ: Արդյո՞ք դա այդպես է:

– Ինչ վերաբերում է Ադրբեջանի մեկնաբանություններին, թե իբր Չիրագովի հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման համաձայն՝ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, անհրաժեշտ է ընդգծել, որ ՄԻԵԴ-ի դատական վճռի մեջ նման պնդում չկա: Իր հայտարարություններով Բաքուն փորձում է թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը: Ավելին՝ վճռի 168-րդ հոդվածում ՄԻԵԴ-ը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ այս որոշումը նշանակություն ունի միմիայն Եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքների պաշտպանության համար եւ ոչ ավելին: Ինչպես նշվում է գործում, դատավճիռը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից բխող իրավունքների պաշտպանությանը` սեփականության, անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, փոխհատուցման իրավունքներին:

– Պարոն նախարար, դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Ձեր արած մեկնաբանության մեջ Դուք նշում եք, որ փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձի իրավունքի հետ կապված հարցերը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս են կազմում, դրանք կարող են լուծում ստանալ հիմնախնդրի համապարփակ կարգավորման արդյունքում։ Կարո՞ղ է արդյոք ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը ազդել բանակցային գործընթացի վրա:

– Գործը դատարանի վարույթ ընդունելու ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշվում է, որ ողջամիտ կլիներ, եթե դիմումատուները սպասեին քաղաքական գործընթացների` խաղաղ բանակցությունների ավարտին, ինչը ներկա իրավիճակում կարող էր տրամադրել հարցի լուծման միակ իրական հնարավորությունը: Միաժամանակ, որոշման մեջ նշվում է, որ, անկախ բանակցային գործընթացից, անհատներն իրավունք ունեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում հետամուտ լինել իրենց իրավունքների պաշտպանությանը:

Աշխարհում մարդու իրավունքների ոտնահարմամբ տխրահռչակ Ադրբեջանը իր քաղաքական հաշվարկներում չի խորշում օգտագործել նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ամենահեղինակավոր կառույցներից մեկի` ՄԻԵԴ-ի որոշումը: Բաքուն հերթական անգամ մարդու իրավունքների, մասնավորապես փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը փորձում է ներկայացնել կամայական մեկնաբանություններով, ըստ այդմ՝ խեղաթյուրելով գործի ողջ էությունը: Չիրագովի հայցով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը վերաբերում է անհատական դատական գործի` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքներին եւ չի կարող ազդել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա։

– Դատավճիռը որեւէ կերպ անդրադառնո՞ւմ է այն պայմաններին, որոնք պատճառ հանդիսացան, որպեսզի դիմումատուները լքեն իրենց տները:

– Հայաստանի այն դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրականացրել է ինքնապաշտպանության իր իրավունքը, դատավճռի 197-րդ հոդվածում դատարանը հաշվի է առել, որ Լաչինի շրջանն ունեցել է ռազմավարական նշանակություն, եւ որ անհրաժեշտություն կար սննդամթերքի, դեղորայքի եւ այլ մթերքների մատակարարումը Լեռնային Ղարաբաղ ապահովելու համար: Փաստորեն, դատարանը հաշվի է առնում, որ Լաչինի ազատագրումը կենսական նշանակություն է ունեցել՝ Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առաջնային անհրաժեշտության ապրանքների հասանելիությունը ապահովելու համար:

– Իսկ ի՞նչ արձագանք է ստացել Բաքվում ՄԻԵԴ-ի կողմից կայացված Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի վճիռը:

– Դուք ճիշտ եք, Չիրագովի գործով ընդունված որոշման հենց նույն օրը ՄԻԵԴ-ը մեկ այլ որոշում է կայացրել` պաշտպանելով Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված Սարգսյանի իրավունքները: Վերը նշված երկու գործերում էլ դատարանի կայացրած վճիռները գրեթե կրկնում են միմյանց, երկու դեպքերում էլ դատարանն արձանագրել է, որ առկա են Կոնվենցիայի նույն իրավունքների խախտումներ: Հատկանշական է, որ Բաքուն փորձում է խուսափել Սարգսյանի գործով դատարանի վճռի որեւէ հիշատակումից:

Պետք է նշել՝ առաջին անգամ չէ, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Ինչպես նշվում է դատավճռի 129-րդ հոդվածում, ՄԻԵԴ-ն առաջին անգամ նման գործ քննել է դեռ 1996թ.-ին եւ հետագայում մի քանի անգամ կրկին անդրադարձել է նման գործերի` բավարարելով տեղահանված անձանց՝ Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքները:

– Արդյոք Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործում կա՞ն այնպիսի ձեւակերպումներ, որոնց պատճառով, ինչպես Դուք նշեցիք, Ադրբեջանը խուսափում է հիշատակել ՄԻԵԴ-ի այդ որոշման մասին:

– Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի 32-րդ հոդվածում նշվում է, որ 1991թ. ապրիլ-մայիս ամիսներին ԽՍՀՄ ներքին զորքերը եւ Ադրբեջանի ԽՍՀ հատուկ ջոկատայինները (ՕՄՕՆ) ռազմական գործողություն սկսեցին, որի հայտարարված նպատակն էր, այսպես կոչված, անձնագրային ստուգումը: Սակայն դա միայն առիթ էր Շահումյանի շրջանի մի շարք գյուղերից հայկական բնակչությանը տեղահանելու համար` ստիպելով նրանց լքել իրենց տները եւ փախչել Լեռնային Ղարաբաղ կամ Հայաստան: Տեղահանումներն ուղեկցվում էին քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացվող բռնությամբ եւ ձերբակալություններով: 1992թ., երբ հակամարտությունը վերաճեց լայնամասշտաբ պատերազմի, Շահումյանի շրջանը հարձակման ենթարկվեց ադրբեջանական ուժերի կողմից: Նույնը կատարվել էր այլ շրջաններում բնակվող հայերի նկատմամբ: Փաստորեն, ՄԻԵԴ-ը հաստատում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայկական ազգաբնակչության նկատմամբ իրականացված բռնությունները եւ տեղահանությունը: Սարգսյանի գործի 216-րդ հոդվածում դատարանը կրկին ընդգծում է, որ դիմումատուն այն հարյուր հազարավոր հայերից մեկն է, որոնք հակամարտության ժամանակ փախել են` լքելով իրենց տունն ու ունեցվածքը: Կարդալով դատավճռի նյութերը՝ պարզ է դառնում, թե ինչու է Ադրբեջանը լռում ՄԻԵԴ-ի այս որոշման մասին:

– Արդյոք ՄԻԵԴ-ի որոշումները կարելի՞ է դիտարկել որպես միջամտություն հիմնախնդրի կարգավորմանը:

– Անդրադառնալով ՄԻԵԴ-ի իրավասության ոլորտում գտնվող հարցերին՝ դատարանը Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի 216-րդ հոդվածում նշում է, որ հակամարտության քաղաքական հանգուցալուծման պարտավորությունն ընկնում է հակամարտող կողմերի վրա: Այսինքն՝ դատարանն ինքն ընդգծում է, որ իր որոշումը չի վերաբերում հակամարտության կարգավորմանը եւ ոչ էլ դրա տարրերին` այսպիսով եւս մեկ անգամ հերքելով ադրբեջանական խեղաթյուրումները: Շարունակելով իր միտքը՝ դատարանը շեշտում է, որ այնպիսի հարցերի համապարփակ լուծումը, ինչպիսիք են իրենց նախկին բնակության վայրերը փախստականների վերադարձը կամ փոխհատուցում ստանալը, կարող է իրականացվել միայն խաղաղության համաձայնագրի միջոցով:

Գործի 236-րդ հոդվածում դատարանը շեշտում է Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում ընթացող բանակցությունների կարեւորությունը եւ ընդգծում, որ բոլոր փախստականների եւ ներքին տեղահանվածների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունքը Մադրիդի հիմնարար սկզբունքների տարրերից մեկն է, որը մշակվել է Մինսկի խմբի շրջանակներում եւ ընկած է խաղաղության բանակցությունների հիմքում: Այստեղ եւս դատարանը վերահաստատում է, որ իր որոշումը չի վերաբերում հակամարտության հանգուցալուծմանը կամ դրա տարրերին՝ ներառյալ փախստականների եւ ներքին տեղահանված անձանց վերադարձի իրավունքին, որոնք պետք է լուծում ստանան միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող միակ` Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում: Սա եւս մեկ անգամ հերքում է ադրբեջանական այն պնդումները, թե իբր ՄԻԵԴ-ի որոշումը կապված է հակամարտության կարգավորման տարրերի հետ:

Այն, որ անկախ ՄԻԵԴ-ի վերոհիշյալ որոշումից՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում, հունիսի 22-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հաստատեց նաեւ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Բոսնիայի ԱԳ նախարար Իգոր Ցրնադակը: Նա, անդրադառնալով Չիրագովն ընդդեմ Հայաստանի եւ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործերին, մասնավորապես նշեց, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հետեւում է վճիռների իրականացման ընթացքին, միաժամանակ ընդգծեց, որ խնդրի կարգավորման միջնորդական առաքելությունն իրականացնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ-ին անդամակցության պահից համատեղ պարտավորություն են ստանձնել՝ հիմնախնդիրը լուծելու խաղաղ ճանապարհով:
Սակայն նույնիսկ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահի կողմից արված միանշանակ հայտարարությունների պայմաններում Ադրբեջանը շարունակում է թմբկահարել, թե իբր դատարանի որոշումը վերաբերում է հակամարտության կարգավորմանը:

– Նման քաղաքականությամբ ինչի՞ է ձգտում հասնել Ադրբեջանը:

– Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի որոշման շահարկումը կարող է վնաս հասցնել ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծման Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Սույնով Ադրբեջանը կրկին փորձում է տեղափոխել ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը այլ ձեւաչափեր, թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը, ձախողել համանախագահ երկրների ջանքերը:
Օգտագործելով ՄԻԵԴ-ի որոշման իր կամայական մեկնաբանությունները` Ադրբեջանն արդեն իսկ հայտարարում է, թե իբր զորքերի դուրսբերումը պայմաններ կստեղծի փախստականների վերադարձի համար, եւ որ այս հարցերը որեւէ կերպ չեն կարող որպես փոխզիջում դիտարկվել: Այսինքն՝ Ադրբեջանն իր կամայական եւ ընտրովի մեկնաբանություններով եւս մեկ անգամ հակադրվում է Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտնի հինգ հայտարարություններում հրապարակված առաջարկներին: Բաքուն մոռացության է մատնում, որ համանախագահներն այդ տարրերը դիտարկում են որպես մեկ ամբողջություն, որոնցից մեկին նախապատվություն տալը անհնար կդարձնի հավասարակշռված կարգավորումը: Սա եւս մեկ ապացույց է, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից ներկայացված միջազգային իրավունքի նորմերի, սկզբունքների եւ տարրերի հիման վրա, որոնք արտացոլված են լ’Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում, Էնիսքիլենում եռանախագահող երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Ադրբեջանի այդ մոտեցումները թույլ չեն տալիս հասնել համապարփակ կարգավորման, ինչի պարագայում կլուծվեին նաեւ փախստականների եւ ներքին տեղահանված անձանց հարցերը:

Չունենալով որեւէ հիմք՝ արդարացնելու համար իր ապակառուցողական քաղաքականությունն ու եռանախագահներին հակադրվելը, Ադրբեջանը գործի է դնում իր ձեռքի տակ առկա միակ հնարավորությունը` կեղծարարությունը: Չիրագովի հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման շահարկումը դրա վերջին դրսեւորումներից է:

«Առավոտ» օրաթերթ
27.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930