Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը կարա ասի՝ մենք գազ չունենք, բայց հրաշալի երիտասարդներ ունենք»

Հունիս 29,2015 14:00

Երիտասարդները նախագահին թասիբի են գցում

«Սերժ Սարգսյանը պիտի մեզանով հպարտանա, որովհետեւ Հայաստան երկրի երիտասարդները, ի տարբերություն այլ երկրների երիտասարդների, ալկոհոլ ու թմրանյութ չեն սիրում, այլ իրենց հայրենիքն են սիրում, գիրք են սիրում, ուսում են սիրում». «Առավոտի» հետ զրույցում ասում են Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա անող երիտասարդները: Նրանցից մեկը, որը ներկայացավ Գեւորգ անունով, ասում է՝ հիմա թուրքը տեսնում՝ տխրում է, վախենում. թուրքը հասկանում է, որ ինքն ինչքան էլ «խաղեր տա», հայերի դեմ «խաղ չկա», որովհետեւ Հայաստանը՝ ի դեմս իր երիտասարդների, անկախության սերնդի, հզոր պաշտպան ունի. «Լավ կլինի նախագահը չկոտրի այս ոգին, այսինքն՝ չի էլ կարա կոտրի, բայց Սերժ Ազատիչը պիտի հասկանա, որ մենք ենք այս երկրի ապագան, զարգացման հույսը: Հավատացեք մեզ, այստեղ պայքարող ջահելները շատ կիրթ են, զարգացած, մենք այստեղ ստից թեմաներ չենք քննարկում իրար հետ, մենք այստեղ լավ երաժշտության, քաղաքականության մասին ենք զրուցում իրար հետ, բավականին տեղեկացված ենք, վերջիվերջո՝ 21-րդ դար է, ինտերնետի դար է: Համաշխարհային ու հայ գրականությունից ենք զրուցում, ուզո՞ւմ եք հիմա անգիր Չարենց ասեմ»:

Ու ասեց՝
Արեւի տակ իրիկնային, իրիկնային հրով վառված`
Այդ հին դաշտում կռվում էին ամբոխները խելագարված:
Քաղաքներից ու գյուղերից, ստեպներից հեռու ու մոտ`
Եկել էին նրանք նորից` լուսավառված ու կրակոտ:
Հետո մեզ միացավ Անուշը՝ մոտ 20 տարեկան. նա հիշեցնում է ավագ սերնդի մասին. ասում է, որ արդեն անցյալում է մնացել այն ավանդույթը, երբ աղջիկներին ամուսնացնում էին առանց նրանց կամքը հարցնելու, ծնողների որոշմամբ, այսօրվա աղջիկները ինքնուրույն են որոշում կայացնում, այսօրվա աղջիկները պայքարող են. «Օրինակ՝ ես դպրոցն ավարտելուց անմիջապես հետո սկսել եմ աշխատել, համ սովորում էի բուհում, համ աշխատում: Ինձ նման հազարավոր երիտասարդներ կան, երեւի մի 20 տարի առաջ այսպես չէր, իսկ հիմա ջահել աղջիկներն ու տղաները շատ նախաձեռնող են, ես կասեի՝ ուժեղ կամքով»:

Bagramyan-4 Bagramyan-3

Մեր զրույցին նորից միանում է Գեւորգն ու էլի հիշեցնում թուրքին. «Ախր, Սերժ Ազատիչը մեզանով պիտի հպարտանա՝ հատկապես Ալիեւի ու Էրդողանի մոտ, ինքը այլ երկրների նախագահների մոտ հանգիստ կարա ասի՝ մենք գազ չունենք, բայց ուրիշ բնական հարստություն ունենք՝ հրաշք երիտասարդություն, ու մենք ուժ ենք»:

Bagramyan-5

Մեկ այլ երիտասարդ էլ արձագանքում է Անուշի խոսքերին՝ «Մենք ավելի ենք ոգեւորվում, որ մեզ տարեցներն էլ են միանում, նրանք էնքան սիրով են մեզ նայում, ասում են՝ ձեր ցավը տանենք, դուք եք տերը այս երկրի: Այո, մենք ենք, որովհետեւ էն վերեւներում նստածներն էսօր կան, վաղը չկան. իսկ վաղը մերն է, ու մենք ենք կառուցելու Հայաստանը. թող սա իրենց ականջին օղ անեն: Ես չեմ ուզում գնամ ուրիշ երկրում աշխատեմ, որ մեզ «խաչիկներ» կամ «լիցո կավկազսկոյ նացիոնալնոսծի» ասեն, կամ՝ միգրանտ ասեն: Ես ուզում եմ՝ որ երկիր էլ գնամ, պարզ ճակատով ու հպարտ գնամ, որ «ռիսկով» գնամ, որովհետեւ ուժեղ պետության քաղաքացի եմ»:

Երիտասարդների
հետ զրուցել է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930