Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում ուսանելու համար միայն գիտելիքները բավարար չեն»

Հունիս 29,2015 12:30

Ասում է ճեմարանի փոխտեսուչ Գեւորգ Մադոյանը

Վերջին տարիներին հայաստանյան բուհական համակարգում դիմորդները քիչ են: Դրան հավանաբար նպաստում են մի կողմից արտագաղթը, մյուս կողմից՝ տարածված այն կարծիքը, թե որպես չգրված օրենք՝ որքան «բարձր» է կրթությունը, այնքան ցածր է նույնիսկ բարձրակարգ մասնագետի եկամուտը: Արդյո՞ք դա անդրադառնում է նաեւ հոգեւոր կրթություն ստանալ ցանկացողների վրա: Այս եւ այլ հուզող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով «Առավոտը» հանդիպեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի փոխտեսուչ Գեւորգ Մադոյանին:

«Գեւորգյան ճեմարանը եւ Մայր աթոռի հոգեւոր կրթական հաստատությունները երբեւէ չեն ունեցել դիմորդների քանակային խնդիր: Ինչպես հայտնի է, մեզ մոտ ուսումն անվճար է, սաների ծախսերն ու կարիքներն էլ հոգում է Մայր աթոռը՝ ապագայում ազգային գաղափարներին նվիրյալ զինվորներ ունենալու համար»,- հայտնեց փոխտեսուչն ու հավելեց, թե իրենց հաստատություններում ուսուցման ընթացքը վանական սկզբունքով է, ուսանողները ապրում են կացարանային ընտիր պայմաններում, ներառելով սնունդ, հագուստ, բուժսպասարկում: Ընդ որում, վերջինս իրականացվում է տեխնիկական նորագույն պայմաններով կատարելապես ապահովված սարքավորումներով՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, թե իրենց սաներն ապրում են մշակութային բուռն կյանքով, շփվում են վաստակաշատ արվեստագետների հետ եւ այս ամենի գերակա նպատակը մեկն է՝ հայեցի, ազգային կրթություն ստանալը:

Հետաքրքրվեցինք, թե այսօր երիտասարդների շրջանում ի՞նչ թիվ են կազմում հոգեւոր կրթություն ստանալ ցանկացողները: Մեր զրուցակիցը նախ հավաստիացրեց, որ նման կրթություն ստացողների թիվն անհամեմատ մեծ է, քան իրենց թույլ են տալիս պայմանները, հետո էլ մանրամասնեց. «Օրինակ, Հառիճի Թրբանճեան վարժարանում կարող ենք ընդունել 45 հոգի, նույնն է նաեւ Վազգենյան դպրանոցի, Գեւորգյան ճեմարանի պարագայում: Հետեւաբար մշտապես ձգտում ենք ընտրել լավագույններին: Այս տարի դիմումների թվով արդեն գերազանցվել է պահանջվող քանակը, ուստի ընդունելության քննություններից բացի, որն անցկացվում է օգոստոսին, հոգեւոր հայրերը եւ սարկավագները յուրաքանչյուր դիմորդի հետ առանձին զրույցներ են վարում՝ ի մոտո եւ հնարավորինս լավ ծանոթանալու ապագա սաների հետ: Ընդունելության 3 քննությունները (հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն) եւ հարցազրույցները, որ միտված են դիմորդի գիտելիքների բացահայտմանը, ըստ էության, ամբողջական պատկեր չեն տալիս նրա մարդկային նկարագրի, ազգային գաղափարների, եկեղեցուն նվիրվածության եւ հարակից շատ այլ խնդիրների բացահայտմանը: Հետեւաբար դիմորդների հետ զրույցներն անցկացվում են՝ նրանց հոգեւոր ներաշխարհին հնարավորինս լավ ծանոթանալու նպատակով»:

Հետաքրքրությանը, թե հոգեւոր կրթական բուհն ավարտելուց քանի՞ տոկոսն է հետագայում դառնում հոգեւորական եւ արդյո՞ք պարտադիր պայման է հոգեւորական դառնալը, Գեւորգ Մադոյանը նշեց, թե ուսանող դարձած երիտասարդների նկատմամբ հայրական վերաբերմունք է ցուցաբերվում եւ եկեղեցու հիմնական նպատակն է, որ հաստատությունն ավարտեն միայն լավագույնները: Ասաց նաեւ, թե դա այն հազվագյուտ բանն է, որ ոչ միայն գիտելիքները պետք է բավարարեն սահմանված չափորոշիչները, այլեւ սանը իր հոգեւոր, բարոյական նկարագրով անհրաժեշտ է ուսումնառությունից հետո արժանի լինի կոչվելու հոգեւոր ծառայության Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում: Փաստեց նաեւ, թե այդպես եղել է դարեր շարունակ, հավելելով. «Իհարկե, հոգեւորական դառնալը պարտադիր պայման է, որովհետեւ այս կրթօջախ պիտի դիմեն այն երիտասարդները, որոնք հիմնավոր որոշել են նվիրվել ազգի հոգեւոր սպասավորությանը»:
Ճեմարանական կրթություն ժամանակին ստացել են մեր շատ անվանի մտավորականներ, գրողներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ, այդ թվում՝ Անաստաս Միկոյանը, Արտաշես Աբեղյանը, Լեւոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը, Ավետիք Իսահակյանը, Արշակ Տեր-Միքայելյանը եւ այլք: Այդուհանդերձ, նրանցից, ինչպես հայտնի է, եւ ոչ մեկը հոգեւորական չի դարձել: Գեւորգ Մադոյանին հարցրինք՝ իսկ եթե, ասենք՝ ճեմարանական կրթություն ստացած սաներից մեկը պարզապես չի ուզում հոգեւորական դառնալ, հետեւաբար ի՞նչ կարող է անել նա ձեր բուհն ավարտելուց հետո: Գեւորգյան հոգեւոր ճեմարանի փոխտեսուչ Գեւորգ Մադոյանի պատասխանը հետեւյալն էր. «Ճեմարանավարտը, բնականաբար, ստանում է բարձրագույն կրթության վկայական, որ ճանաչվում է պետության կողմից եւ շրջանավարտը կարող է իր գործունեությունը շարունակել իբրեւ հայ եկեղեցու պատմության, հայոց լեզվի կամ գրականության ուսուցիչ, կամ էլ իր գիտական փորձերն իրականացնել նշյալ ասպարեզներում: Ի դեպ, ուսումնառության տարիներին մեր սաները մասնակից են հանրապետական բուհերի գիտական ընկերությունների նստաշրջաններին եւ թող անհամեստ չթվա՝ նրանք, որպես կանոն, վերադառնում են Մայր աթոռ պատվոգրերով ու մրցանակային հավաստագրերով: Նշեմ նաեւ, որ ձեռնադրվելու դեպքում արդեն մեր նախկին սաները դառնում են Քրիստոսի եկեղեցու զինվոր եւ ուր նշանակի Վեհափառ հայրապետը, այնտեղ նրանք պարտավոր են որդիական խոնարհությամբ կատարել իրենց ծառայությունը: Դա կարող է լինել աշխարհի ցանկացած երկիր՝ ծաղկուն կամ պատերազմող»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Գեւորգ Մադոյանը (ձախից), Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի
հոգեւոր-կրթական, բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի հետ:

«Առավոտ» օրաթերթ
27.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mard says:

    Պետք է նաև կաթողիկոսին քծնել իմանալ, որպեսզի ճեմարանի ուսանող դառնան, թե չէ միայն գիտելիքներով բան դուրս չի գա :)))

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930