Ամռանը մարդիկ ավելի հաճախ են մեկնում օտար երկրներ՝ հանգստի, գործուղման, աշխատելու, ճանաչողական կամ այլ նպատակներով; Օտար քաղաքում ամենահարմարը հյուրանոցում ժամանակավորապես բնակվելն է, ուստի հյուրանոցում պատշաճ վարվեցողության կանոնների իմացությունն անհրաժեշտ է բոլորին։ Այլ քաղաք մեկնելուց առաջ նախապես պետք է հոգալ հյուրանոցում համար պատվիրելու մասին։ Հարկավոր է զանգահարել ադմինիստրատորին եւ համար պատվիրել՝ նշելով ժամանման եւ հյուրանոցում օթեւանելու ժամկետը։
Հյուրանոց գալով՝ հարկավոր է դիմել ադմինիստրատորին եւ կատարել փաստաթղթային անհրաժեշտ ձեւակերպումները։ Համարի բանալին չի կարելի տան բանալու նման վերցնել հետը, հյուրանոցից դուրս գալիս այն պետք է հանձնել ադմինիստրատորին կամ հարկի հերթապահին։
Հյուրանոցում վարքի կանոնները նույնն են, ինչպես այլ հասարակական վայրերում, որտեղ հարկ է լինում շփվել անծանոթ մարդկանց հետ։ Եթե ծառայող անձնակազմի հետ որեւէ խնդիր է ծագում, այն պետք է լուծել սիրալիր եւ քաղաքավարի տոնով։
Հյուրանոցում յուրաքանչյուր կենվոր պատասխանատու է իր համարի ողջ գույքի համար, այդ պատճառով պետք է ուշադիր լինել կահույքի, տեխնիկայի եւ կենցաղային իրերի նկատմամբ։ Որոշ հյուրանոցներում չի թույլատրվում գիշերվա ժամերին հյուրեր ընդունել, այդպիսի հյուրանոցներում օթեւանելիս հարկ է հյուրերին ճանապարհել մինչեւ կեսգիշերը։ Հյուրանոցում բնակվելու ընթացքում միջքաղաքային հեռախոսազանգեր կատարելու դեպքում անպայման պետք է վճարել դրանց համար։ Ինչպես նաեւ անհրաժեշտ է նախօրոք ճշտել ձեր համարում անվճար եւ վճարովի ծառայությունները, օրինակ՝ ալկոհոլային խմիչքները, սուրճը, թեյը, որպեսզի համարը հանձնելիս մի կլորիկ գումար էլ չվճարեք չնախատեսած ծախսերի համար::
Կարդացեք նաև
Համարում չի կարելի չափազանց բարձր երաժշտություն միացնել, բարձրաձայն խոսել կամ վիճաբանել՝ խանգարելով հարեւաններին։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
27.06.2015