Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Շնորհակալություն «Ոչ թալանին» նախաձեռնությանը»

Հունիս 29,2015 00:22

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը շնորհակալություն է հայտնում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին` հինգ օր ազգային, գեղեցիկ ու ճշմարտացի պայքարի համար: «Առաջին անգամ Հայաստանում հանրահավաքի ողջ գործընթացն իրականանում էր բացառապես ազգային երգ ու պարի զուգորդմամբ, խաղաղ բնույթ էր կրում: Ու որ ոչ պակաս կարեւոր է` բոլոր որոշումները կայացվում էին կոլեգիալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա:

Երեկ երեկոյան, հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ողջ գումարը կառավարությունը կփոխհատուցի` մինչեւ անկախ աուդիտի արդյունքները հայտնի կդառնան` լույս սփռելով իրադարձությունների ու քայլերի հետագա զարգացման վրա:

«Այս պահի դրությամբ, գոնե, խնդիրը գոյություն չունի եւ կազմակերպիչները դա հասկանալով` որոշում կայացրեցին բողոքի ակցիան Ազատության հրապարակում շարունակել»,- ասաց Հովհաննես Սահակյանը` հավելելով, որ այս պահին Ազատության հրապարակում եւ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցողը բացարձակ տարբեր գործընթացներ են:

Նրա կարծիքով, Բաղրամյան պողոտայում մնացած որոշ երիտասարդներ, ուժեր «խառնակիչ քաղաքական գործիչներ, որոնց ձեռագիրը վերջին ամիսների ընթացքում քանիցս տեսել ենք», փորձում եմ իրավիճակից օգտվելով իրականացնել իրենց վաղեմի երազանքը` «Հայաստանը խառնաշփոթ եւ քաոսային իրավիճակի բերեն` ուրիշի վառած կրակի վրա իրենց ձեռքերը տաքացնելու համար»:

Ամեն դեպքում, նա վստահ է, որ Բաղրամյան պողոտայում դեռ կան ազնիվ մղումներով փողոց դուր եկած մարդիկ ու եթե նրանք դեռ ցանկություն ունեն ազնիվ պայքարը շարունակելու` մինչեւ ցանկալի արդյունք, Հովհաննես Սահակյանը կոչ է անում` միանալ Ազատության հրապարակում հավաքված տղաներին:

«Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող քաոտիկ իրավիճակն այլեւս կարող է վերահսկողությունից դուրս գալ եւ հետեւանքները կարող են անդառնալի ու անկանխատեսելի լինել»,- ասաց նա:

Այն երիտասարդները, ովքեր հինգ օր Բաղրամյան պողոտայում էին, իսկ այժմ Ազատության հրապարակում, մեր զրուցակիցը վստահ է, որ եթե սահմաններում Աստված մի արասցե, իրավիճակը լարվի` նույն հաստատակամությամբ ու մեկ մարդու նման գնալու են ու պաշտպանեն հայրենիքի սահմանը` թշնամու ոտնձգություններից:

«Ոստիկանության հետ երգ ու պարը, ֆուտբոլ խաղալը, միասին մի բաժակ ջուրը կիսելը մեր երկրում մշակույթ պիտի դառնա, մենք ժողովրդավարության այդ փուլում ենք: Այս հինգ օրերի ընթացքում ժողովրդավարության հարցում երեք քայլ առաջ ենք գնացել: Նրանք, ովքեր փորձում են իրավիճակը խառնել` մի նպատակ ունեն, Հայաստանը չտեսնել ժողովրդավարական երկիր: Բացի այդ, մենք նաեւ իրավական պետություն ենք»,- ասաց իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորը` բոլորիս մաղթելով սադրանքների չենթարկվելու բարձր իմաստնություն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930