Այս պահին Բաղրամյան պողոտայում ձևավորվել է նոր նախաձեռնող խումբը, որը կապ չունի «Ոչ թալանին նախաձեռնության հետ: Նրանք գտնում են, որ պետք է շարունակեն բողոքը Բաղրամյան պողոտայում, մինչև իշխանությունները չչեղարկեն որոշումը: Ինքնակոչ կազմակերպիչներն այս պահին Բաղրամյան պողոտայում թռուցիկներ են բաժանում կոչ անելով մարդկանց հավաքվել այնտեղ:
Թռուցիկում մասնավորապես նշվում է. «Ոստիկանության բռնությունները կանխելու համար անհրաժեշտ է բոլորիս ներկայությունը Բաղրամյանում»:
«Ոչ թալանին նախաձեռնության անդամները գտնվում են Ազատության հրապարակում: Այստեղ հավաքված ցուցարարներից ոմանք հայտարարում են. «Մի գիշերում մտան ու սկսեցին քաղաքականացնել մեր խաղաղ ցույցը: Անծանոթ դեմքեր, որոնց չէինք ճանաչում: Մենք հիմա ուզում ենք ժողովրդին բերել այստեղ»:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը Ազատության հրապարակում այսպիսի կարծիք հայտնեց. «Տեսնում ենք քաղաքական և քաղաքացիական թևերի բաժանման շարժման: Այս պահին լուծումներն իշխանությունների ձեռքին են և չեմ ողջունի որևէ ուժի կիրառում Բաղրամյան պողոտայում կանգնածների վրա»:
Կարդացեք նաև
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանն ասաց. «Մեր խումբը գտնում է, որ Բաղրամյանում սպառել է իրեն, մենք կամ պետք է գործողություն անենք, կամ պահանջը փոխենք: Եթե չի կատարվում մեր պահանջը, ուրեմն մարդիկ պիտի հեռանան: Քանի որ մենք քաղաքացիական նախաձեռնություն ենք, փորձում ենք շարժումը զերծ պահել կուսակցական միջամտությունից: Մենք տուն չենք գնալու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ